ԲՀԿ-ական պատգամավորի տեղեկություններով, գազի սակագինը կլինի 156 դրամ

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի տեղեկություններով, գազի նոր սակագինը կլինի 156 դրամ:

Բնակչությանը մատակարարվող մեկ խորանարդ մետր գազի սակագինն այսօր 132 դրամ է:

«ՀայՌուսգազարդ»-ը ընկերությունը, հիշեցնենք, սակագնի վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Ազգային ժողովում գազի սակագնի շուրջ այսօր անցկացվող լսումներից առաջ Մելքումյանն ասաց, թե կփորձի լսումների ընթացքում պարզել, թե հնարավոր է 156 դրամից նվազեցնել սակագինը. - «Ես ունեմ նաեւ տեղեկատվություն «ՀայՌուսգազարդ»-ի ծախսերի կառուցվածքի մասին` օգտակար առաքման ծավալ, մաշվածություն, աշխատողների աշխատավարձ, քանի աշխատող կա, այլ ծախսեր, շահութաբերություն, եւ ես այդտեղ ռեզերվներ եմ տեսնում»:

Կառավարությունը, հիշեցնենք, խոստացել է 30 տոկոսով սուբսիդավորել գազի գինը Հայաստանի սահմանին: Դրան դեմ է «Ժառանգության» ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը. - «Դա դառնում է, որ մեր հարկերի հաշվին ինքներս մեզ շնորհակալություն ենք ասելու: Դրա համար, երեւի, պետք է անպայման դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերվի: Հատկապես, օրինակ, այն գործարանները, որոնք բիզնես են եւ եկամուտ են բերում, դրանց ընդհանրապես ոչ մի արտոնություն պիտի չտրվի»:

Նրա խոսքով` հարկավոր է դասել քաղել այս իրավիճակից եւ լուծել էներգետիկ անվտանգության խնդիրը, օրինակ` զարգացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրները. - «Թող մեզ արտոնություններ չանեն: Դա մեր ունակությունը կբարձրացնի, եւ մենք իսկապես ինքներս կորոշենք մեր ցանկացած խնդիրը: Մեր տեղն էլ իմանանք, մեր գինն էլ գիտակցենք` ինչ ենք մենք ներկայացնում ուրիշների համար»:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գազի գինը բարձրացնում է Ռուսաստանի Դաշնությունը, եւ դա արդեն քննարկման ենթակա հարց չէ` հավելելով. - «Այսօր ստեղծված վիճակից ուղիներ ենք փնտրելու: Պետք է քննարկենք այդ հարցերը. ո՞ւմ սուբսիդավորել, ինչքա՞ն սուբսիդավորել, որտեղի՞ց սուբսիդավորել, ինչո՞ւ սուբսիդավորել»:

Գազի սակագնի բարձրացման մասին իր տեսակետն արտահայտեց պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ). - «Դա ավելի շատ վերաբերում է այն գնին, թե ինչ է վճարում հայ ժողովուրդը Ռուսաստանի շնորհավորանքին: Չկայացած ընտրությունների, չընտրված իշխանությունների գինը վճարում է ամբողջ ժողովուրդը: Իրենց այս վարքագծով վտանգված է մեր ազգային պետականությունը»:

Խորհրդարանական լսումներից Սարգսյանը որեւէ սպասում չունի. - «Կարծում եմ, սա հերթական քննարկում է` ժողովրդավարության հերթական շղարշ ստեղծելու համար, Ազգային ժողովի աշխատանքը ճիշտ կազմակերպելու տրամադրություններ, տպավորություն ստեղծելու համար»: