Մատչելիության հղումներ

Կվերանայվի նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրական էներգիայի սակագնի վերանայման գործընթաց` չսպասելով էներգետիկ համակարգի ընկերությունների հայտերին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգի ընկերությունները վաղուց էին ուզում բարձրացնել սակագները, բայց սպասում էին, որ գազի գնի բարձրացման հարցը որոշակիանար:

«Ինչո՞ւ մեր նախաձեռնությամբ այս պահին. որովհետեւ նրանց կողմից կային արդեն գրավոր հայտեր, մենք ունեինք վերլուծություններ, պատկերը մեզ համար պարզ է», - մանրամասնեց Նազարյանը։ – «Մենք ունենք էլեկտրաէներգետիկական համակարգում աշխատող բոլոր ընկերությունների կողմից ժամանակին ներկայացված հայտեր, որոնք մեր ձեռքի տակ կար։ Նրանք դեռ վաղուց էին ուզում էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնել, բայց սպասում էին, որովհետեւ կար գազի թանկացմամբ պայմանավորված խնդիր»։

2009 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի բնակչությունը 1կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց ցերեկը վճարում է 30, գիշերը` 20 դրամ:

Հիշեցնենք` նախօրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր դիմել «ՀայՌուսգազարդ» ընկերությունը` առաջարկելով շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ:

Տնտեսական վերլուծաբանները պատահական չեն համարում, որ ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման շուրջ խոսակցությունները սկսվեցին ընտրություններից հետո։

«Երբ որ դու գնում ես ընտրություններին, վաճառում ես քո ձայնը, դու նաեւ պատրաստ պետք է լինես դրա հետեւանքներին», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը։

Իր հերթին՝ տնտեսական վերլուծաբան Սամվել Ավագյանը պնդում է, որ Կառավարությունը հնարավորություն ունի չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:

«Ես գտնում եմ, որ կարելի է էլեկտրաէներգիայի սակագինը չվերանայել, որովհետեւ գազը այսօր լուրջ դեր չունի մեր էներգետիկական հաշվեկշռում։ Գուցե այնտեղ կա ուրի՞շ գործոն, որը մենք չգիտենք, գուցե ատոմակայանի հումքն է՞լ է թանկացել», - ասում է Ավագյանը։

Տնտեսական վերլուծաբանները կարծում են, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը լուրջ սոցիալական պայթյունի հիմք կստեղծեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG