Այսօր կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Պորտուգալիա - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ, 20-ը նոյեմբերի, 2010թ.

Կրակովում գումարվում է Վիշեգրադյան քառյակի եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Նույն սրահում կլինեն Հայաստանի եւ Հունգարիայի նախարարները

Վիշեգրադյան քառյակի կազմում են Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը եւ Հունգարիան։ Այս քաղաքական միությունը կազմավորվել է նախ որպես եռյակ` 1991 թվականին Հունգարիայի, Լեհաստանի եւ Չեխոսլովակիայի ղեկավարների նախաձեռնությամբ։

Համաձայնագիրը կնքվել է Հունգարիայում գտնվող Վիշեգրադի ամրոցում։ 1993 թվականին Չեխոսլովակիան վերաճել է երկու անկախ երկրների` Չեխիայի եւ Սլովակիայի, եւ եռյակը անվանել են քառյակ։

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի սկանդալային պատմությունից հետո Հայաստանը եւ Հունգարիան դիվանագիտական կապեր չունեն, եւ այդ տեսակետից հայտնի չէ, թե ինչպիսի շփում կլինի երկու հանրապետությունների արտաքին գերատեսչության ղեկավարների միջեւ։

Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի երկրորդ հանդիպումը

Սակայն կրակովյան հավաքն առավել էական է հայ - ադրբեջանական կապերի համատեքստում. Վիշեգրադյան քառյակի եւ Արեւելյան գործընկերության արտգործանախարարների հավաքի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Նախօրեին Ստրասբուրգում արտգործնախարարը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին զրուցել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։

Նալբանդյանը Ստրասբուրգ էր մեկնել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը Հայաստանին վեց ամսով փոխանցելու կապակցությամբ։

Վիշեգրադյան քառյակի եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը պետք է ներկա լինեն Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը եւ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով անցած տարվա աշնանը այցելել էր Հայաստան։

Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը Կրակովից առաջ այս տարի մեկ անգամ են հանդիպել, սակայն հունվարին Փարիզում տեղի ունեցած բանակցությունները էական առաջխաղացում չեն ապահովել։

Հանդիպման օրերին լայնածավալ զորախաղեր

Իսկ այս օրերին Ադրբեջանն անցկացնում է լայնածավալ զորավարժություններ, ընդ որում` շփման գծից ոչ հեռու, ինչը բնավ չի մեկնաբանվում որպես խաղաղություն հաստատելու ցանկություն։

Հետեւակի, ծանր տեխնիկայի եւ օդուժի մասնակցությամբ տեղի ունեցող զորավարժությունների հրամանատարը պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն է։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանին օրերս ասել է, թե ինչպես միշտ` Ադրբեջանի զորավարժությունների անցկացման ժամկետը կապված է դիվանագիտական օրակարգի հետ։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, հստակ ասել է, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է մարտական գործողությունների, ուստի հայկական կողմը լրջորեն է պատրաստվում «պաշտպանել մեր հայրենիքը»։