Քաղաքական դաշտում ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում ԲՀԿ-ն

ԲՀԿ-ի ընդդիմություն չդառնալու մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարության շուրջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ հեռուստաեթերում զրուցել են լրագրող Պետրոս Ղազարյանը եւ վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Պետրոս Ղազարյանն ասաց, թե այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ ջերմորեն ողջագուրվեց ԲՀԿ-ի շարունակական եւ խիստ քննադատությանն արժանացող վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, «հենց այն թեզի շարունակությունն է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ»:

«Որովհետեւ», - փաստարկեց Ղազարյանը, - «մի բան է անձնական թշնամանքը, մի բան է, որ, գիտեք, մենք այս մարդու հետ ունենք քաղաքական տնտեսական լուրջ տարաձայնություններ, բայց, ուզենք թե չուզենք, մեր երկրի վարչապետն է: Եվ եթե այդպիսի միջոցառում է [Սուրբ Հովհաննես եկեղեցու օծումը], իսկ Ծառուկյանը հյուրընկալող կողմն է, շատ նորմալ է, որ նա այդ մարդուն ընդունում է նորմալ, պատվով»:

«Ես, համենայն դեպս, պատկերացնում եմ այսպես. եթե մենք ընդդիմություն [ասելով] պատկերացնում են, որ «Բարգավաճ»-ը դուրս պետք է գա Օպերայի հրապարակ եւ ասի` այս կեղեքիչներին, ժողովրդի արյունը ծծողներին պետք է գնդակահարել, ապա` ոչ: Եթե մենք պետք է քննադատենք կառավարությանը, եթե մենք ամեն գնով պետք է բոլոր ընտրություններին մասնակցենք եւ փորձենք իշխանությունը վերցնել խաղաղ ճանապարհով, ապա` այո: Սա ընդդիմության երկու տարբեր պատկերացումների մասին է խոսում: Ծառուկյանն ասաց, որ ինքը գտնում է, որ ընդդիմությունը պետք է իր պատկերացմամբ` լինի այս ձեւի»:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հիշեցմանը, որ Ծառուկյանը հստակ ասել է` մենք չենք լինելու ընդդիմություն, Պետրոս Ղազարյանն արձագանքեց. - «Իմ կարծիքով, եթե «Բարգավաճ»-ը չի մտնում կոալիցիա, եթե դեմ է խոսում տնտեսական քաղաքականությանը, Ծառուկյանը չգնաց նախագահի ինաուգուրացիային… ապա դա, իհարկե, խոսում է կուսակցության ընդդիմադիր լինելու մասին: Այստեղ կան անձնական հարաբերություններ, այստեղ կան տնտեսական հարաբերություններ: Վերջ ի վերջո, մենք Հայաստանում ենք ապրում եւ ձեւ չտանք, թե իբր շատ բաներ չենք հասկանում: Այսինքն` եթե Ծառուկյանը կարողանում է այդ ամեն ինչը ունենալով, այդ մշակույթի մեջ լինելով` մի բան էլ ընդդիմանալ այդ համակարգին, որոշ հարցերում դեմ լինել համակարգին, դա նորմալ է: Որովհետեւ եթե այսօր չլիներ «Բարգավաճ Հայաստան»-ը, ապա ընդդիմադիր դաշտը ընդհանրապես շանս չէր ունենա դիմադրելու իշխանական որեւէ երեւույթի: Ես կարծում եմ, որ այն բոլոր ուժերը, որոնք իշխանության մեջ չեն, նրանք ընդդիմություն են` այս կամ այն ձեւով»:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը «հետաքրքիր» որակեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը. - «Բավական հստակ ասաց` ընդդիմություն չենք կարող լինել: Եվ Ծառուկյանի խոսքերից հետո լինում է մեկնաբանությունների շարք, որ Ծառուկյանը նկատի ուներ, որ այսպիսի ընդդիմություն չենք կարող լինել, այսպիսի կամ այսպիսի… Մինչդեռ կար հնարավորություն, որ «Բարգավաճ»-ը հայտարարի, որ այո, ես ընդդիմություն եմ, բայց այսպիսի ընդդիմություն եմ, ինձ չի գոհացնում այն ընդդիմության որակը, որը մինչեւ հիմա է եղել եւ մենք նոր որակի ընդդիմություն ենք: Բայց «Բարգավաճ Հայաստան»-ը մինչեւ ընտրական այս ցիկլերի ավարտը, մինչեւ մայիսի 14-ը խուսափում էր ընդդիմություն լինելու վերաբերյալ որեւէ հստակ բան ասել: Գագիկ Ծառուկյանը որեւէ առիթ չօգտագործեց այդ մասին հստակ ասելու, եւ երբ ավարտվեց ընտրական ցիկլը, արտահայտվեց»:

Ընդունելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ը իսկապես ունի տարաձայնություններ կառավարության հետ` վերլուծաբանը շարունակեց. - «Բայց այդ տարաձայնությունները, իմ գնահատմամբ, այն հարցի շուրջ են, թե ԲՀԿ-ին ինչ դեր եւ կարգավիճակ պետք է ունենա իշխող համակարգում, այս հարաբերություններում: Իսկ ընդհանրապես իրավիճակի առումով, ես կարծում եմ, «Բարգավաճ»-ը գրեթե նույն Հանրապետականն է` պարզապես իշխանական ռեսուրսների մի փոքր բացակայությամբ: Այդ կուսակցությունը ձեւավորվել է իշխանության մեջ, այդ կուսակցությունը մինչեւ հիմա բավական ներկայացուցիչներ ունի կամ լուրջ առնչություններ ունի իշխանության հետ: Կարծում եմ, Ծառուկյանն ընդամենը արձանագրեց այն իրավիճակը, որը կա»:

«Այն համակարգում, որ այսօր կա Հայաստանում, ես հնարավոր չեմ համարում, որ կուսակցությունը, որը պատկանում է խոշոր գործարարի, որը ըստ էության նաեւ բիզնեսմենների կուսակցություն է, կարող է դառնալ ընդդիմադիր իշխող համակարգին: Որովհետեւ այդ կուսակցությունը իր դիրքին հասել եւ պահպանում է այդ դիրքը նաեւ իշխող համակարգի մաս լինելու շնորհիվ», - նշեց Հակոբ Բադալյանը: