Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է


ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, ասաց` քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով:

Զուրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, նրան չի շնորհավորել, Ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանում պաշտպանել է ՀԱԿ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք նախաձեռնություններ, խորհրդարանական եւ հատկապես Երեւանի ավագանու ընտրություններում համախմբված պայքարել է ընտրակեղծարար մեքենայի դեմ:

«Բոլոր այս քայլերը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն այսօր իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ: Եթե դրանից հետո իրենք խնդիր ունեն իրենց ընդդիմադիր կոչելու հետ, դա մի պրոբլեմ է, որին իրենք պետք է պատասխան տան», - ասաց Զուրաբյանը` մանրամասնելով. - «Միգուցե կան քաղաքագիտական նրբություններ, որոնք այնքան էլ լավ չեն հասկացվում: Բայց եթե ես փորձում եմ նայել այս գործընթացին անաչառ հայացքով, կներեք, կոչել ԲՀԿ-ն այլ բան, քան ընդդիմադիր ուժ, ուղղակի հնարավոր չէ»:

ՀԱԿ-ը արմատական ընդդիմություն է, բայց բոլոր ուժերը չէ, որ նման կեցվածք ունեն. ԲՀԿ-ն տատանվում է կոնֆորմիզմի եւ ընդդիմանալու միջեւ, բայց դրանից նրա ընդդիմադիր լինելը չի նվազում, կարծում է Զուրաբյանը:

«Բնական է, որոշ ժամանակաշրջաններում ավելի վճռական ընդդիմանում են, իսկ որոշ ժամանակաշրջաններում, ելնելով պահի քաղաքական նպատակահարմարությունից, ավելի շատ մտնում են կոնֆորմիզի դաշտ: Դա բնական պրոցես է: Այդ վարքի համար պատասխանատու է միայն ինքը` ԲՀԿ-ն: Մենք պատասխանատու ենք միայն մեր վարքի համար, բայց մեր որակումների համար նույնպես պատասխատանու ենք, եւ ես կարծում եմ, որ մեր որակավորումները միգուցե ավելի ճիշտ են, քան թե իրենց կողմից ներկայացվածները», - նշեց ՀԱԿ-ի փոխնախագահը:

Փետրվարին ՀԱԿ կուսակցության համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք էր հայտնել, թե Ծառուկյանը փորձում է պոկվել իշխանությունից: Իր այս պնդումն առաջին նախագահը նրա Ծառուկյանի կատարած քայլերով էր հիմնավորել: Սակայն, ինչպես Զուրաբյանն ասաց, Ծառուկյանի` երբեք ընդդիմություն չդառնալու վերաբերյալ հայտարարությունից հետո էլ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվելու է, ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում չեն տապալվել, իրենք եւ ԲՀԿ-ն իշխանության դեմ պայքարելու ընդհանուր շահ ունեն:

«Մենք գործ ունենք նման մի վիճակի հետ, որտեղ Հանրապետականը ամեն ինչ անում է, որ ամբողջ հասարակությունը ենթարկեցնի իր բացարձակ իշխանությանը: Նման իրավիճակում միակ ելքը դիմադրությունն է: Հիմա, կա ԲՀԿ-ն, որը նույնպես շահ ունի դիմադրելու այս գործընթացին: Դա միգուցե կապված չէ դեմոկրատիայի, մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ սիրո կամ համոզմունքերի հետ, կապված է այլ խնդիրների հետ: Մասնավորապես, ԲՀԿ-ն հասկանում է, որ Սերժ Սարգսյանի առաջնային խնդիրը պետք է լինի ոչնչացնել մի այնպիսի քաղաքական ուժ, որը ունի լրջագույն ֆինանսական ռեսուրսներ, եւ այդ ռեսուրսները վճռորոշ պահերին` ընտրարշավների ժամանակ կարող է ներդնել ռեժիմին դիմակայելու գործընթացների մեջ: Կարծում եմ, դա ավելի շատ ինքնապաշտպանական գործընթաց է, չեմ բացառում, որ կա անկեղծ ցանկություն թույլ չտալու, որ ամեն ինչ անցնի մեկ մարդու ձեռքը», - ասաց Զուրաբյանը:

Գագիկ Ծառուկյանը երեկ ողջագուրվում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այն դեպքում, երբ նրա ղեկավարած ուժը տարբեր առիթներով քննադատում է կառավարությունը: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ին վերաբերող իրենց գնահատականներն ու իրականությունը արդյոք տարբե՞ր չեն, Զուրաբյանը պատասխանեց, թե ողջագուրումներ, ժպիտներ չի մեկնաբանում:

ԲՀԿ-ին իշխանությունից պոկելու ճանապարհին ՀԱԿ-ը շատ համախոհներ եւ դաշնակից կուսակցություններ կորցրեց, նրանցից շատերը հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցության գնալու` ՀԱԿ-ի ընտրած գիծն էին քննադատում: Սակայն Զուրաբյանը կարծում է, որ Կոնգրեսի դիրքերն այդ պատճառով չեն թուլացել:

«Պատճառներից մեկն այն է, որ մեր էլեկտորատի զգալի մասը ուղղակի արտագաղթել է Հայաստանից. 6 տարի շարունակ այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ մարդկանց այս երկրից դուրս հանեն: Երկրորդը` 6 տարվա ընթացքում հետեւողականորեն իշխանությունը իրականացրել է ժողովրդին փչացնելու ծրագիր` ընտրակաշառքով նրան քվեարկության ուղղորդելու ծրագիր: Եվ այս հարցում մեծ հաջողությունների է հասել: Իսկ այն կեղծ պնդումները, որ իբր այս կորուստները եղել են ԲՀԿ-ի հետ հռչակված համագործակցության ծրագրերի պատճառով, դա իրականում նետված է իշխանության քարոզչամեքենայի կողմից եւ ցավոք, նաեւ մեր որոշ նախկին համակիրները այդ կուտը կերել են եւ այդ թեզը դարձրել են իրենց քարոզչության հիմքը», - հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG