Վերահաշվարկը ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն չի թողել

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան

Երեւանի ավագանու ընտրություններից հետո սկսված քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացը ավարտվեց` ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն չթողնելով, ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ վերահաշվարկի արդյունքները եւս մեկ անգամ փաստեցին, որ մայիսի 5-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրություններում տեղամասերում քվեարկությունը անցկացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

«Այս ցուցանիշները արդեն ինքնին խոսուն փաստեր են, վկայում են այն մասին, որ վերահաշվարկի ժամանակ որեւէ արտառոց խնդրի կամ արտառոց իրավիճակի հետ որեւէ ընտրական հանձնաժողով չի առնչվել», - ասաց Մուկուչյանը:

Քվեարկությունից հետո վերահաշվարկի 162 դիմումներ էին ներկայացրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ու «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը: Դրանցից 11-ը ժամկետից դուրս էին ներկայացվել, ուստի եւ չքննարկվեցին: Արդյունքում պետք է վերահաշվարկվեր 151 տեղամաս, սակայն Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում հանձնաժողովները հասցրեցին վերահաշվարկել 97 տեղամաս: Մուկուչյանի տվյալներով` վերահաշվարկված տեղամասերի գրեթե կեսում՝ 47-ում, վերահաշվարկի արդյունքում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ մնացածում տեղի ունեցած փոփոխությունները էական չէին:

Ինչպես քվեարկության օրը, այնպես էլ դրանից հետո տարբեր լրատվամիջոցներ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ ու դիտորդություն իրականացնող կազմակերպություններ ահազանգում էին խախտումների մասին: Մասնավորապես, նշվում էր քվեաթերթիկների անհետանալու, վերահաշվարկից հետո դրանց ավելացման կամ նվազման մասին: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը թիվ 11 ընտրատարածքի 16 ընտրատեղամասի վերահաշվարկի ժամանակ արձանագրել էր քվեաթերթիկների տարբերություն. 4 քվեաթերթիկ, ըստ արդյունքների ամփոփման արձանագրության, պակասում էին: Բախշյանն այս դեպքը համարում է ընտրական «կարուսել»:

«Չորս քվեաթերթիկ չկա, ինչ-որ ձեւով հայտնվել են դրսում եւ օգտագործվել… այո, «կարուսել» են արել», - պնդում է Բաշխյանը:

ԿԸՀ-ի նախագահը, սակայն, բացառում է «կարուսել» կոչվածը. - «Երբ այդքան մարդու ներկայությամբ չի բացահայտվում թեկուզ եւ մի դեպք, որ անձը գալիս է տեղամաս, գրպանից հանում է այլ քվեաթերթիկ, փոխում, մյուս քվեաթերթիկը տանում, եթե խոսքը վերաբերում է համատարած երեւույթի առկայությանը թեկուզ եւ մեկ տեղամասում տասը նման դեպքի, ես ուղղակի բացառում եմ, որ դա չբացահայտվեր, որովհետեւ այդքան մարդ կանգնած ամբողջ գործընթացի նկատմամբ իրականացնում էր վերահսկողություն: Սա սկզգունքորեն է բացառվում», - ասաց Մուկուչյանը:

Նույն այդ տեղամասում նաեւ այլ դեպք էր արձանագրվել: Ընտրողները պարզել էին, որ Ռուսաստանում ապրող հարազատը մասնակցել է քվեարկությանը, այնինչ նա արդեն 5 տարի է Հայաստան չի այցելել: Մուկուչյանը չի կարծում, որ այս դեպքն ազդել է ընտրության արդյունքի վրա: Նա նշում է, որ տեղամասի հանձնաժողովի նախագահը արձանագրել է այդ դեպքը, մինչդեռ այդ հանձնաժողովի նախագահ Կարինե Գասպարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասում էր, որ նման դեպք չի հիշում:

Մուկուչյանը անդրադարձավ նաեւ մարդկանց կուտակումներին, քվեարկության օրը մամուլում որպես «թաղի խուժան» բնորոշումը ստացած տղամարդկանց գործողություններին, որոնք ըստ տեղական դիտորդների` ընտրողների էին տանում-բերում, ուղղորդում նրանց, խոչընդոտում լրագրողների եւ դիտորդների աշխատանքը:

«Ես կարծում եմ, այս անգամ միանշանակ կարելի է փաստել, որ այդ ազդեցությունը ընտրության արդյունքի վրա որեւէ եղանակով չարտահայտվեց», - ասաց ԿԸՀ-ի նախագահը:

Մուկուչյանը անդրադարձավ նաեւ քվեարկության օրը հայտնի դարձած թիվ 9/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին: Արդյունքներն ամփոփելու ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Մանուկյանը, արկղից քվեաթերթիկները հանելիս, վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ընտրողների հասցեին՝ նրանց անվանելով անասուն, հիմար եւ այլն: Նրա զայրույթը հարուցել էին մի քանի անգամ ծալված, անվավեր քվեաթերթիկները: Մուկուչյանն ասում է, որ նրա վրա ներազդելու մեխանիզմ չկա:

«Ես կարծում եմ, գոնե կոնկրետ այս կնոջ պարագայում ավելի շատ անելիք ունի նրան նշանակող կուսակցությունը», - ասաց Մուկուչյանը:

Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացավ 47-ով: Ուշագրավ է, որ բացի Հանրապետականից, ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերի քվեները վերահաշվարկի հետեւանքով պակասեցին, իսկ ՀՀԿ-ի քվեները ավելացան 3-ով: Այս առնչությամբ Մուկուչյանը նշեց, որ միտում չի տեսնում, պարզապես վերահաշվարկ իրականացնող ընտրատարածքային հանձնաժողովներն աշխատել են ավելի հանգիստ մթնոլորտում եւ ավելի մեծ վերահսկողության ներքո:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն այս կիրակի: