Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ապրող քաղաքացին «քվեարկել է» մայիսի 5-ին


Ռուսաստանում ապրող քաղաքացին «քվեարկել է» մայիսի 5-ին
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00

Ռուսաստանում ապրող քաղաքացին «քվեարկել է» մայիսի 5-ին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 23ա շենքի 38 հասցեում հաշվառված Արամայիս Մկրտչյանը, ով հարազատների պնդմամբ, երկար տարիներ է Ռուսաստանի Դաշնությունում է ապրում ու 5 տարի է Հայաստան չի եկել, պարզվում է մասնակցել է Երեւանի ավագանու քվեարկությանը:

Արամայիս Մկրտչյանի անվան դիմաց քվեարկածների ցուցակում ստորագրված էր, նշված էր անձնագրի տվյալներ: Նրա եղբոր որդին՝ Հակոբ Մկրտչյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ հորեղբորը եւս զայրացրել է փաստը, որ իր փոխարեն քվեարկել են:

Մկրտչյանը պատմում է, որ քվեարկության օրը նրա եղբայրը երեկոյան 7-8-ի սահմաններում այցելելով ընտրատեղամաս քվեարկելու՝ պատահմամբ հայտնաբերել է, որ Հայաստանում չգտնվող հորեղբայրն արդեն քվեարկել է:

«Ես առավոտյան ժամը 12-ի կողմերը գնացի քվեարկության, ամեն ինչ նորմալ էր, իր անվան դիմաց չկար քվեարկած, մենք նույն հասցեում ենք գրանցված, իսկ դրանից հետո երեկոյան եղբայրս գնացել էր քվեարկության, զանգեց, ասաց, որ Արամայիսի փոխարեն արդեն քվեարկած է», - պատմեց Մկրտչյանը:

Համաձայն Ընտրողների ռեգիստրի` Մկրտչյանների հասցեում հաշվառված է 9 ընտրող: Այդ տունը, ինչպես Հակոբ Մկրտչյանն է ասում, պապական բնակարան է, որտեղ իրենց ընտանիքների անդամներով հաշվառված են երեք եղբայրներ: Տանը բնակվում է եղբայրներից մեկն իր ընտանիքով: Նրանք եւս պնդեցին, որ Արամայիս Մկրտչյանը Ռուսաստանում է բնակվում:

Հակոբ Մկրտչյանը «Բարեւ, Երեւան» դաշինքի ներկայացուցիչ է: Կատարվածի մասին նա ահազանգել են «Ժառանգություն» կուսակցություն: Կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ով թիվ 11 ընտրատարածքում մասնակցում է վերահաշվարկի գործընթացին, անձամբ ստուգեց իրենց ներկայացված ահազանգը` համոզվելով դրանում:

Թիվ 11/16 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարինե Գասպարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասաց, թե ինքը նման բան չի նկատել. - «Ես այդպիսի դեպքի ականատես չեմ. թե ում է մոտեցել, ում է դիմել, չեմ կարող ասել: Ընտրությունը շատ լավ, նորմալ է անցել», - պնդեց նա:

Անահիտ Բախշյանն այս ընտրատեղամասի աշխատանքը գնահատում է փնթի՝ լի տարաբնույթ թերություններով: «Բարեւ, Երեւանն» այս դեպքով պատրաստվում է դիմել ոստիկանություն:

ՀԱԿ-ի դիմումը մերժվել է

Ինչպես «Բարեւ, Երեւան»-ը, այնպես էլ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը (ՀԱԿ) ոչ միայն վերահաշվարկի պահանջներ են ներկայացրել, այլեւ որոշ ընտրատեղամասերում պահանջում են չեղյալ համարել քվեարկության արդյունքները: Երեկ երեկոյան թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց ՀԱԿ-ի դիմումը: Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ընտրացուցակում ներառված թեկնածու Արման Աբրահամյանը դիմում էր ներկայացրել քվեարկության արդյունքներն 8/8 եւ 8/9 ընտրատեղամասերում անվավեր ճանաչելու վերաբերյալ` վկայակոչելով բազմաթիվ խախտումներ, որոնք, ըստ նրա, ազդել են քվեարկության գործընթացի ու արդյունքների վրա: Բուռն քննարկումներից ու վեճերից հետո հանձնաժողովը մերժեց դիմումը` պատճառաբանելով, որ ավագանու անդամի թեկնածուն նման դիմում ներկայացնելու իրավասություն չունի:

Հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանը: Նա հայտարարեց, որ նիստը շոու էր, քանի որ հանձնաժողովի նախագահը նախօրոք արդեն մերժման տեքստը գրած եկել էր, որպեսզի դիմումը քննարկման առարկա չդարձներ: Իոաննիսյանը պնդում էր, որ նույն տարածքում գտնվող այս երկու տեղամասերը «շուկայի» էին վերածվել:

Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, փաստաբան Մարիաննա Եղիազարյանը պնդում էր, որ հանձնաժողովը չէր կարող մերժել դիմումը: Նրա գնահատմամբ, հանձնաժողովը սխալ է մեկնաբանում Ընտրական օրենսգիրքը: Օրենքը նշում է, որ քվեարկության արդյունքները կարող են բողոքարկել թեկնածուն, համամասնական ցուցակ ներկայացնող կուսակցությունը, դաշինքը: Եղիազարյանի պնդմամբ, ավագանու թեկնածուն եւս նման իրավունք ունի: Հանձնաժողովը, սակայն, հաստատակամ էր եւ մերժեց դիմումը:

Հիշեցնենք` թիվ 8/8 եւ 8/9 ընտրատեղամասերում քվեարկության օրը մարդկանց կուտակումներ, դիտորդների նկատմամբ ճնշումներ էին արձանագրվել: Այդ ընտրատեղամաս էր այցելել նույնիսկ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով սպառնացել էր Հանրապետականի վստահված անձանց` ասելով «եթե մի հատ էլ այստեղից զանգ եկավ, ինձանից չնեղանաք»:

Թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը դիմեց հանձնաժողովի անդամներին` խնդրելով պատմել իրենց աչքի տեսածը: Նրանք էլ սկսեցին բողոքել դիտորդներից, հատկապես` դիտորդ Ռուզաննա Գրիգորյանից, ասացին` դիտորդներից նույնիսկ ընտրողներն են բողոքել:

ՀԱԿ-ը այս հարցով կդիմի Վարչական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG