Այսօր ակնկալվում է ՀԱԿ-ի ակտիվիստների գործով Վճռաբեկի որոշումը

ՀԱԿ-ի ակտիվիստներ (ձախից` աջ) Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում, հունիս, 2012թ.

ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգողի համոզմամբ` արդարադատության մասին կվկայի արդարացման որոշումը:
Այսօր կեսօրին հրավիրված է ընդդիմադիր ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով Վճռաբեկ դատարանի նիստը: Ակնկալվում է, որ դատարանը կհրապարակի իր որոշումը ազատազրկման դատապարտված ակտիվիստների գործի կապակցությամբ:

Ակտիվիստները վերադաս վերջին դատական ատյանից պահանջել են բեկանել իրենց 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը, որը Վերաքննիչը թողել էր անփոփոխ, եւ արդարացնել իրենց:

Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումից է կախված` 2-3 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Արտակ Կարապետյանը արդյոք կմնան ազատության մե՞ջ, թե՞ կտեղափոխվեն կալանավայրեր, ինչպես նաեւ` 2011-ից ազատազրկված Տիգրան Առաքելյանը կշարունակի՞ մնալ կալանավայրում, թե՞ ազատ կարձակվի:

Մինչեւ այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:

Վերջին դատական ատյանը` Վճռաբեկը կա՛մ պետք է ամբողջությամբ բավարարի բողոքը եւ երիտասարդներին արդարացնի, կա՛մ նույնը թողնի ազատազրկման մասին ստորադաս դատարանների վճիռները եւ դրանք անմիջապես մտնեն ուժի մեջ, կա՛մ բեկանի այդ վճիռները եւ գործը կրկին ուղարկի քննության:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իր համար անկանխատեսելի իրավիճակ է ստեղծված, ընդգծելով, որ արդարադատության մասին կվկայի արդարացման որոշումը:

«Եթե Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը, ակնհայտորեն կշարունակի քաղաքական պատվերի շրջանակներում քաղաքական վենդետան երիտասարդ ակտիվիստների նկատմամբ», - նշեց Խաչատրյանը` հավելելով. - «Այլ կերպ նմանատիպ որոշումը անհնար կլինի որակել, որովհետեւ մասնավորապես վճռաբեկ բողոքում բազմաթիվ ապացույցներ կան, որ երիտասարդները Քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարք չեն կատարել, եւ այս ամբողջ թե՛ նախաքննությունը, թե՛ երկու ատյաններում կայացած դատաքննությունը իրական արդարադատության հետ որեւէ աղերս չունեն, դրանք իրավիճակային քաղաքական պատվերի արդյունք են»:

«Վճռաբեկ դատարանը կա՛մ կիրականացնի արդարադատություն եւ արդարադատության էությունից բխող արդարացման ակտ կկայացնի, կա՛մ մենք հերթական անգամ կարձանագրենք, որ Հայաստանում արդարադատությունը կրում է ձեւական բնույթ», - հայտարարեց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի համակարգողը:

Արմեն Խաչատրյանը անհրաժեշտ համարեց, որպեսզի Վճռաբեկ դատարանը որոշումը կայացնելիս հաշվի առնի նաեւ միջազգային կառույցների գնահատականները այս գործի վերաբերյալ:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ապրիլին հրապարակած իր զեկույցում հիշատակել էր այս գործը, մեջբերելով իրավապաշտպան կազմակերպությունների այն գնահատականները, որ ակտիվիստների նկատմամբ խիստ դատավճիռները քաղաքական շարժառիթներ են ունեցել:

Ավելի վաղ` հունվարի 23- ին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էր Հայաստանի վճռաբեկ դատարանին արդյունավետ քննության կոչ արել: Մտահոգություն հայտնելով ոստիկանների կողմից այս երիտասարդների նկատմամբ «դաժան վերաբերմունքի» կապակցությամբ` հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել էր, որ արդյունավետ քննության բացակայությունը «կնշանակի Հայաստանի միջազգային պարտավորությունների լուրջ խախտում»: