Մատչելիության հղումներ

«HRW-ի կոչը կարող էր ազդել Վճռաբեկ դատարանի որոշման վրա»


ՀԱԿ ակտիվիստները դատարանի դահլիճում, արխիվ
ՀԱԿ ակտիվիստները դատարանի դահլիճում, արխիվ
Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ազատազրկման դատապարտված ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վճռաբեկ բողոքը եւ սահմանել է 20-օրյա ժամկետ «բողոքի թերությունները վերացնելու եւ այն կրկին ներկայացնելու համար»:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական «Դատալեքս» կայքի` բողոքը ետ վերադարձնելու հիմնավորումն այն է, որ Վճռաբեկի համար հասկանալի չէ` բողոքում պատժի խստությունն է վիճարկվում, թե` երիտասարդներին անմեղ ճանաչելու հարց է առաջ քաշված:

Սա նշանակում է, որ ակտիվիստներից երեքը առայժմ կշարունակեն մնալ ազատության մեջ, քանի որ մինչ այս գործով Վճռաբեկ դատարանի որոշումը 2-3 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ կիրառվում է «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը: Իսկ 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանը 2011-ի օգոստոսից անազատության մեջ է:

Ակտիվիստները իրենց ազատազրկման դատապարտելու ստորադաս ատյանների որոշումները Վճռաբեկում բողոքարկել էին դեկտեմբերի սկզբին: Բողոքը համապատասխան դատավորներին էր կցվել դեկտեմբերի 27-ին, ուստի մեկամսյա ժամկետում` մինչեւ այս կիրակի, պետք է որոշում կայացվեր բողոքը վարույթ վերցնելու կամ հետ վերադարձնելու մասին: Եվ եթե Վճռաբեկը բողոքը հետ վերադարձներ առանց թերությունները վերացնելու եւ նորից դիմելու պայմանի, ապա 3 ակտիվիստները արդեն պետք է տեղափոխվեին կալանավայրեր:

Ի դեպ, Վճռաբեկի այս քայլը անմիջապես հաջորդեց Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին ուղղված պաշտոնական նամակին, որում կազմակերպությունը անհրաժեշտ է համարում այս գործի «բոլոր ասպեկտներով» վերանայումը` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:

Կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել առ այն, որ «արդյունավետ քննություն չի իրականացվել» այս չորս երիտասարդների նկատմամբ մինչ ձերբակալությունը եւ ոստիկանության բաժնում իրականացված «դաժան վերաբերմունքի» մասին «արժանահավատ» պնդումների առնչությամբ եւ Վճռաբեկ դատարանին հորդորել է «լուրջ ուշադրություն» դարձնել այդ պնդումներին: Արդյունավետ քննության բացակայությունը, կազմակերպության բնորոշմամբ, «կնշանակի Հայաստանի միջազգային պարտավորությունների լուրջ խախտում»:

Հարցին` արդյոք Human Rights Watch-ի հունվարի 23-ի գնահատականներն ազդեցություն ունեցել են Վճռաբեկ դատարանի երեկվա դիրքորոշման վրա, ակտիվիստների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող բացառել, որ, այո, հենց Human Rights Watch կազմակերպության պես ազդեցիկ կազմակերպության կոչը եւ նամակը Վճռաբեկ դատարանի նախագահին իր դերն ունեցել է այսպիսի որոշում կայացնելու, առնվազն` ժամկետ տրամադրելու հարցում: Ամեն դեպքում, ինձ թվում է, որ Human Rights Watch-ի կողմից շատ դիպուկ թիրախավորվել են կոնկրետ այն փաստարկները, որոնք ուշադրության չեն արժանացել եւ նախաքննության ընթացքում, եւ ընդհանուր իրավասության ու Վերաքննիչ դատարաններում դատաքննության ընթացքում: Մասնավորապես, Տիգրան Առաքելյանի, եւ մյուս երեք ամբաստանյալների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը թե 2011-ի օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանին կից տարածքում, թե ավտոմեքենաներով նշված վայրից դեպի ոստիկանության բաժին տեղափոխելու ընթացքում, եւ թե հենց ոստիկանության բաժնում»:

Ի դեպ, փաստաբանն ու ամբաստանյալները դեռ Վճռաբեկի որոշումը չեն ստացել: Թե Վճռաբեկը ինչ ընթացք կտա գործի քննությանը, ըստ փաստաբանի, անկախ Human Rights Watch-ի գնահատականներից, բողոքում իրենց հիշատակած բազմաթիվ խախտումները ինքնին բավարար հիմք են ստորադաս դատարանների վճիռները բեկանելու համար:

«Ամենացցուն խախտումները հենց դատավարական իրավունքների խախտումներն են: Հայտնի է, որ օրինակ, Սարգիս Գեւորգյանը ընդհանուր իրավասության դատարանում զրկվել է վերջին խոսքի իրավունքից, Վերաքննիչ դատարանում իրենց վերջին խոսքի իրավունքից զրկվել են բոլոր ամբաստանյալները: Ավելին` Արտակ Կարապետյանը զրկվել է նաեւ պաշտպանի միջոցով ներկայացված լինելու իրավունքից: Սրանք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենքի համաձայն, ամեն դեպքում դատավճիռը բեկանելու հիմք են», - ասում է Գրիգորյանը:

Փաստաբանը ձեռնպահ մնաց գնահատականներից, թե գործընթացը հետաձգելու Վճռաբեկի այս քայլը որքանով կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ: Փաստորեն բողոք ընդունել-չընդունելու մասին դիրքորոշումը վերջին դատական ատյանը պետք է ասի արդեն նախագահական ընտրություններից հետո: Հայ ազգային կոնգրեսում, սակայն, քաղաքական ենթատեքստ տեսնում են:

«Նախընտրական շրջանում Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը ետ վերադարձնելն ու ստորադաս դատարանների ակնհայտ անարդար դատական ակտերին օրինական ուժ տալը առնվազն ձեռնտու չէր իշխանություններին, որոնք այս պահին ակտիվորեն մասնակցում են նախագահական քարոզարշավին եւ ակտիվորեն հանդես են գալիս երկրում արդարություն հաստատելու դիրքերից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոնգրեսի իրավական կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը:

«Այսքանից հետո այս գործը վարույթ չընդունել, նշանակում է խաչ քաշել հայկական արդարադատության վրա», - շարունակեց նա. - «Սա միայն մեր տղաների խնդիրը չէ, սա ընդհանրապես, Հայաստանում ապրել-չապրելու խնդիր է դառնում: Որովհետեւ կամ կա դատարան, որտեղ քաղաքացին կարող է որոշակիորեն գոնե իրեն պաշտպանված զգալ, կամ չկա այդ դատարանը ընդհանրապես, եւ քաղաքացուն մնում է փնտրել այլ միջավայր, որտեղ ինքը գոնե պաշտպանված կլինի դատական կարգով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG