Հովհաննիսյանին Մոսկվա հրավիրել էին` «լսելու ժողովրդի մեծամասնության կարծիքը»

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացմամբ, իրեն Մոսկվա էին հրավիրել` «լսելու Հայաստանի ժողովրդի գերակշիռ մեծամասնության կարծիքը, որի կրողներից մեկը ես եմ», - «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվայից ժամանելուն պես հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

Նա չմանրամասնեց, թե ով էր իրեն հրավիրել Մոսկվա` նշելով, սակայն, թե Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպել է «ամենատարբեր շրջանակների հետ»:

«Ընտանիքիս հետ գնացել էի մասնավոր այցի: Հանդիպել ենք համապատասխան շրջանակների հետ, ամենատարբեր շրջանակների հետ», - ասաց նա` խոստանալով «համապատասխան պայմաններում ապագային մանրամասնել». - «Սա մասնավոր եւ խորհրդապահական միջոցառում էր: Կարող եմ մի բան ասել, որ ես չհանդիպեցի Ռուսաստանի նախագահի հետ»:

Հարցին, թե արդյոք այցը կապ ուներ հետընտրական զարգացումների հետ, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Իմ Մոսկվա գնալը համապատասխանում էր հետընտրական շրջանին, բայց կապված չէր դրա հետ»:

Դիտարկմանը, թե իր ընդդիմախոսներն ասում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Մոսկվա` «դոբրո» ստանալու, «Ժառանգության» առաջնորդը հակադարձեց. - «Ես ոչ մի մայրաքաղաք չեմ գնացել մինչեւ ընտրությունները: Ես գնացել եմ այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ այդ անհիմն եւ կեղծ երդումը: Այդ պայմաններում ես այցելեցի Մոսկվա եւ չի բացառվում, որ այցելեմ այլ մայրաքաղաքներ: Բայց իմ հիմնական աշխատանքը Հայաստանում է, եւ նրանք, ովքեր խոսում են այն բանի մասին, որ ես մի տարվա ընթացքում մի օրով գնացի այլ մայրաքաղաք, մատնում են կախվածությունը այլ մայրաքաղաքներից, [դա] իրենց ստրկամտության մասին է խոսում»:

Անդրադառնալով իր առաջնորդած շարժման արդյունավետությանը` «Ժառանգության» ղեկավարը նշեց, թե «որեւէ մեկը պետք է պատրանք չունենար, որ այս ամեն ինչը պիտի մի պահի, մի րոպեի եւ մի երթի ժամանակ լուծվեր»: