Աբխազական երկաթուղու բացման ուղղության «կոնկրետ քայլեր դեռ չեն արվել»

Ապրիլի 12-ին մեկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

«Անցյալ ամիս մի քանի անգամ հանդիպել եմ ձեր արտաքին գործերի նախարարին, եւ մենք ամեն անգամ մամուլի ասուլիս ենք ունեցել: Այն, որ մենք գրեթե ամեն ամիս հանդիպում ենք, բարեկամության եւ սերտ համագործակցության նշան է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փանջիկիձեն:

Վրաստանի արտգործնախարարը ծաղկեպսակ է դնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Վրաստանի արտգործնախարարն այսօր ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Հարցին, թե Վրաստանի նոր կառավարության ձեւավորումից հետո ինչ դրական փոփոխություններ են եղել հայ-վրացական հարաբերություններում, Մայա Փանջիկիձեն պատասխանեց. - «Հայաստանը մեր հարեւանն է, բարեկամ հարեւանը: Եվ մենք չափազանց հետաքրքրված ենք մեր հարաբերությունների խորացմամբ եւ սերտացմամբ: Ես կարծում եմ, որ հաջողությամբ իրականացնում ենք դա»:

Աբխազական երկաթուղու վերագործարկմանը վերաբերող հարցին Վրաստանի արտգործնախարարը պատասխանեց - «Մենք այդ մասին մտածում ենք: Դեռ չենք սկսել աշխատել այդ ուղղությամբ: Վրաստանի հետաքրքրությունները հաշվի առնելով` մենք կփորձենք հասկանալ, թե որքանով Վրաստանը կշահի այդ գործընթացից: Դրանից հետո միայն գուցե կազմենք աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի իրավիճակը, եւ դրանից հետո միայն կկայացնենք որոշում: Այժմ դեռ շատ վաղ է վերագործարկման մասին խոսելը: Դա ընդամենը գաղափար էր: Դեռ վարչապետի երեւանյան այցի ժամանակ էր քննարկվել, սակայն կոնկրետ ոչինչ չի արվել այս ուղղությամբ… Մենք պետք է հաշվի առնենք տնտեսական, քաղաքական եւ այլ հարցերը, հասկանանք, թե ինչ կտա այդ ամենը մեզ, եւ նոր միայն աշխատանքային խումբ կազմենք»:

Նա հավելեց, որ այդ հարցի շուրջ բանակցություններ առայժմ չեն վարվել:

Մայա Փանջիկիձեին այսօր ընդունել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Ավելի ուշ Վրաստանի արտգործնախարարին ընդունելու է նախագահ ՍԵրժ Սարգսյանը: