Փորձագետները ակնկալիքներ չունեն Հովհաննիսյանի մոսկովյան այցից

Your browser doesn’t support HTML5

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցը որեւէ ազդեցություն չի ունենա. եթե Վլադիմիր Պուտինը ցանկանար Հայաստանում իշխանություն փոխեր, նա կփոխեր, վստահեցնում է փորձագետը:

«Իհարկե, ազդեցություն չի ունենա, Պուտինին պետք չէ դա: Պուտինին հիմարի տեղ դնել պետք չէ: Մոսկվա գնալը, մեղմ ասած, տրամաբանական չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Նշենք, որ Հովհաննիսյանը Մոսկվա մեկնեց ապրիլի 9-ի հայտնի իրադարձություններից հետո: Որոշ վերլուծությունների համաձայն, այդ իրադարձություններից հետո «Բարեւի հեղափոխության» առաջնորդը մեծ հիասթափություն առաջացրեց իր աջակիցների շրջանում, հատկապես երբ այդ լարված իրավիճակում ոստիկանապետի ուղեւորվեց Ծիծեռնակաբերդ` աղոթք անելու եւ մոմ վառելու:

Անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին, ոստիկանության հետ բախումներին` Բադալյանը նկատեց, որ իրականում առաջին «բախումը» եղավ Ազատության հրապարակում, երբ իրար բախվեցին Հովհաննիսյանի եւ հրապարակում հավաքված ժողովրդի ծրագրերը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում էր շարունակել իր պայքարը դեպի Երեւանի ընտրությունները, իսկ Ազատության հրապարակ եկած մարդիկ ցանկանում էին պայքարել նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման համար: Կարելի է ասել, որ պայմանական բախումը առաջին անգամ այստեղ տեղի ունեցավ», - ասաց Բադալյանը:

Բադալյանը զերծ մնաց գնահատել, թե որքան են հիասթափվել Հովհաննիսյանի համակիրները նրանից. - «Բայց կարող ենք ասել, որ հիասթափության առաջին նշանը երեւաց, երբ Հովհաննիսյանն ասաց` հաջորդ հանրահավաքին եկեք եւ մենք կներկայացնենք «Բարեւ, Երեւան» դաշինքը, եւ լսվեցին սուլոցներ»:

Փորձագետն ասում է` իր համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայումը Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր գնալու հետ: Բադալյանը կարծում է, որ Հովհաննիսյանը պետք է մնար Բաղրամյանի սկզբնամասում` ժողովրդի հետ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանի փոխանցմամբ էլ` ապրիլի 9-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ հրապարակում գտնվող ժողովուրդը տարբեր ակնկալիքներ ու տրամադրվածություն ուներ` մի մասը ցանկություն ուներ գնալ Բաղրամյան 26, որոշ մասը` ոչ: Ըստ վերլուծաբանի` երեւում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախնական ծրագրերում նախագահի նստավայր գնալու մտադրություն չի եղել:

«Եթե վերհիշենք իր ելույթը, ապա ակնհայտ երեւում է, որ կար տարամտություն մի կողմից Հովհաննիսյանի այդ օրը այդ ժամերին ակնկալած ծրագրերի եւ հրապարակում գտնվող մարդկանց մի մասի ծրագրերի միջեւ», - ասաց Սարոյանը:

Արմեն Բադալյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո նախաձեռնած բողոքի ակցիաներով, հացադուլով եւ մարզային շրջայցերով ցանկանում էր պայքարը «հասցնել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի սկզբին»:

«Նա 200 հազար ձայն ստացել է Երեւանի տարածքում նախագահի ընտրությունների ժամանակ: Այդ 200 հազար ձայնը բավականին մեծ թիվ կարող է կազմել, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ բավական մեծ խմբակցություն կարող էր նրան ապահովել: Նա այդ 200 հազար ձայնը փորձում էր բերել մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Բայց այդ ձայները տված մարդիկ նախագահի դեմ էին ուզում պայքարը, եւ այս բախումը` Հովհաննիսյանի եւ ցուցարարների ծրագրերի միջեւ անխուսափելի էր», - ասաց Բադալյանը:

Նա ճիշտ է համարում, որ «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը չմիացան «Ժառանգությանը», քանի որ նրա կարծիքով` եթե քաղաքական այդ ուժերը լինեին Բաղրամյան պողոտայում, ապա մեծանալու էր ավելի ուժեղ բախման հնարավորությունը, լինելու էին քաղաքական գործիչների ձերբակալություններ, ինչը ընդամենը խանգարելու էր այդ ուժերի պայքարին մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում:

Բադալյանը ավագանու ընտրությունները շատ կարեւոր է համարում: Նա կարծում է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը կարող են հաղթանակի հասնել:

«Երեւանի բնակչությունը բավական հակաիշխանական է: Եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն կարողանան գրագետ ընտրարշավ իրականացնել, նրանք կարող են Երեւանում իշխանություն փոխել: Իսկ Երեւանում իշխանություն փոխելը հավասարազոր է Հայաստանում 50 տոկոսով իշխանափոխությանը», - շեշտում է փորձագետը:

Սարո Սարոյանը հնարավոր չի համարում այդ քաղաքական ուժերի միավորումը, որովհետեւ «նրանցից յուրաքանչյուրը իր պայքարում մտածելու է սեփական հաղթանակի մասին»: