Րաֆֆի Հովհաննիսյան. «Այսօր սկիզբն էր»

Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի օրհներգն է երգում նախագահական նստավայրի մոտ, Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.

Ազատության հրապարակում կեսգիշերին մոտ «Ժառանգության» առաջնորդը հրաժեշտ տվեց հավաքվածներին:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո միացավ Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին, իրավապահներին խնդրեց թույլ տալ երթի մասնակիցներին մայթով բարձրանալ մինչեւ նախագահական նստավայր, ապա վերադառնալ Ազատության հրապարակ:

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գրողների միության շենքի մուտքի մոտ առանձնազրույցից հետո համաձայնեց բացել Բաղրամյան պողոտան: Ինքը ոստիկանապետը եւս ոտքով շարժվեց նախագահական նստավայրի ուղղությամբ:

Իրավապահների ուղեկցությամբ հասնելով նախագահական նստավայր` Հովհաննիսյանն ու երթի մասնակիցները երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը:

«Սիրելի հայրենակիցներ, այս դիմացի շենքը` [Բաղրամյան] 26-ը, պատկանում է ձեզ եւ հայ ժողովրդին: Աստված մեզ պահապան, մեր հայրենիքի պահապան: Երբ որ ասում ենք` «զադնի չկա», դա նշանակում է նաեւ, որ մենք մեր իրավունքի մեջ ենք, մենք սիրում ենք մեր երկիրը, մեր հայրենիքը: Բոլորս սիրենք եւ պայքարենք, պայքարենք մեր հաղթանակի համար, որ դուք տվել եք», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

Նախագահական նստավայրից ցուցարարները Րաֆֆի Հովհաննիսյանի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Այդ ամբողջ ընթացքում Բաղրամյան պողոտայի երկայնքով երթը հսկում էին ոստիկանները` վահաններով, սաղավարտներով ու մահակներով:

Ազատության հրապարակում կեսգիշերին մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժեշտ տվեց հավաքվածներին:

«Որքան մեր սրտի մեջ կար այդ պահանջը, եւ նաեւ անհամբեր որոշ հայրենակիցներ, ովքեր ուզում էին մի րոպեւա մեջ փոխել ամեն ինչը, դա կյանքը էդպես չէ, կյանքը էդպես չէ: Եվ ես պատրաստ չեմ եւ պատրաստ չեմ լինի որեւէ մի երիտասարդի տանելու դեպի արյուն եւ դեպի մեր ընտանիքների որեւէ մեկի դժբախտություն», - ասաց «Ժառանգության» առաջնորդը:

«Այնպես որ, այդ պայքարը, որը այսօր, փաստորեն, մեկնարկեց, այսօր սկիզբն էր, այսօր երդումն էր, այսօր հռչակում էր մեր Նոր Հայաստանի, բայց այդ երկունքը, որ հայի մոտ մի քիչ երկար է, ցավով է, տառապանքով է, դուք տեսել եք, թե այդ երկունքը ուր է հասցնում մեզ: Հիմա բոլորը, բոլորը ահազանգի մեջ են: Պարոն Սարգսյանը, Հայրապետը, մարզպետները, քաղաքապետները նույնը չեն` փոխվել է, եւ այդ փոփոխությունը մենք ենք բերել», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: