Մատչելիության հղումներ

Ցուցարարները ոստիկանական պատնեշի հանդիպեցին Բաղրամյանում


Ցուցարարները ոստիկանական պատնեշի հանդիպեցին Բաղրամյանում
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00
Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ավարտելով այսօր երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը, հայտարարեց, որ երթով ուղեւորվում է դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ երթը կշարունակի դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ։

Մոսկովյան փողոցից բարձրանալով Բաղրամյան փողոց, Հովհաննիսյանը եւ նրա աջակիցները հանդիպեցին մահակներով, վահաններով եւ սաղավարտներով հանդերձավորված ոստիկանների պատնեշին։

Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների բազմությունը փակեց Բաղրամյան փողոցի երթեւեկությունը։

Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտենալով ոստիկաններին, փորձեց ճեղքել պատնեշը, սակայն հանդիպեց դիմադրության։ Ոստիկանները սկսեցին վահաններով հետ հրել ցուցարարներին։ Ամբոխի միջից ոստիկանների ուղղությամբ մի քանի մոմեր շպրտվեցին. դրանք բաժանվել էին հանրահավաքի մասնակիցներին՝ Ծիծեռնակաբերդ տանելու համար։ Ընդդիմադիրները, սակայն, անմիջապես սաստեցին մոմեր նետողներին։

Ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ոստիկաններով շրջափակված, բարձրախոսով ելույթ ունեցավ եւ դիմելով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, կոչ արեց ցուցում տալ ոստիկաններին, որ բացեն ճանապարհը՝ թույլ տալով իրեն համակիրների ուղեկցությամբ խաղաղ երթով Բաղրամյան փողոցով գնալ դեպի Ծիծեռնակաբերդ։

Հովհաննիսյանը հանդարտության կոչ արեց աջակիցներին, այնուհետեւ, դիմելով ոստիկաններին, հորդորեց նրանց հանգիստ, իրենց պարտականության շրջանակներում ուղեկցել ցուցարարներին։

«Եթե ոչ ապրիլի 9-ը ազգային միասնության փոխարեն թող լինի, ձեր ձեռքով, ձերբակալությունների, քաղաքական բանտարկյալների օր», - ասաց Հովհաննիսյանը։

Ոստիկանությունը, սակայն, անդրդվելի էր։ Ցուցարարները փորձեցին երկրորդ անգամ ճեղքել ոստիկանական պատը եւ կրկին հանդիպեցին դիմադրության։

Րոպեներ անց Բաղրամյան փողոց եկավ Վլադիմիր Գասպարյանը։ Շրջափակված ոստիկաններով` նա եւ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 15 րոպե բանակցություններ վարեցին, ինչից հետո ցուցարարների մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ Սարյան փողոցով գնացին Ծիծեռնակաբերդ։

Ժողովրդի մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում։ Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, բարձրախոսով դիմեց ցուցարարներին՝ առաջարկելով նստել հացադուլի Բաղրամյան 26-ին հարող տարածքում։

Ոստիկանությունը հայտարարեց, որ իրենք օրենքով սահմանված եւ ոստիկանությանը վերապահված միջոցներ ձեռք կառնեն, որպեսզի Բաղրամյան պողոտան բացեն, եթե ցուցարարները չլսեն իրենց պահանջը այն կամովին բացելու մասին։ Ի վերջո, մի ցույցի մի քանի մասնակիցների, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին, ոստիկանությունը հեռացրեց Բաղրամյանից:

Միջավայրը պողոտայում մի քանի ժամ շարունակում էր լարված մնալ` մինչ Հովհաննիսյանը, Վլադիմիր Գասպարյանի հետ, Ծիծեռնակաբերդում էր: Իրավիճակը փորձում էր հարթել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա, եւ ոստիկանների միջեւ բանակցությունների արդյունքում ցուցարարները մոտ տասը-տասնհինգ մետրով նահանջեցին եւ որոշ ազատ տարածություն ստեղծվեց կողմերի միջեւ:

Այնուհետեւ, Ծիծեռնակաբերդից վերադառնալով, Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին: Նրա, եւ ավելի ուշ կրկին Բաղրամյան պողոտա եկած Վլադիմիր Գասպարյանի միջեւ կրկին անցկացված բանակցությունների արդյունքում կեսգիշերին մոտ ոստիկանները բացեցին ճանապարհը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, մինչեւ այդ ժամը պողոտայում մնացած աջակիցների հետ, Բաղրամյան պողոտայի ձախ` Նախագահական նստավայրի հակառակ մայթով բարձրացան մինչեւ Բաղրամյան 26, այնտեղից էլ շրջադարձ կատարեցին եւ վերադարձան Բաղրամյան - Մոսկովյան խաչմերուկի մերձակայք, ասյտեղից էլ նրանց մի մասը, Հովհաննիսյանի գլխավորությամբ գնաց Ազատության հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG