Իսրայելը ներողություն խնդրեց Թուրքիայից

Իսրայելցի զինծառայողները մոտենում են Գազա ուղեւորվող «Ազատության նավատորմիղի» նավերից մեկին, 31-ը մայիսի, 2010թ.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայից «սխալների համար, որոնք կարող էին հանգեցնել կյանքի կորստի» 2010 թվականին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» վրա հարձակման ժամանակ:

BBC-ի փոխանցմամբ` Նաթանյահուն նաեւ համաձայնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հիշյալ իրադարձությունների ժամանակ զոհված 9 ակտիվիստների ընտանիքներին փոխհատուցում վճարելու հարցում:

Բենյամին Նաթանյահուն նախկինում միայն ափսոսանք էր հայտնում տեղի ունեցածի համար, մինչդեռ Թուրքիան որպես երկու երկրների միջեւ երբեմնի ջերմ հարաբերությունների վերականգնման պայման առաջադրում էր Իսրայելի կողմից ներողություն խնդրելը:

Ըստ BBC-ի` այս հարցով Իսրայել այցի ընթացքում միջնորդել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Ռեջեփ Էրդողանը, նրա գրասենյակի վկայությամբ, ընդունել է ներողությունը` «հանուն թուրք ժողովրդի»:

Իսրայելի վարչապետի գրասենյակի մի բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է, որ Էրդողանը համաձայնել է դեսպանների վերադարձին եւ իսրայելցի չորս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ իրավական ընթացակարգի դադարեցմանը: