Հակասություններ՝ «Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալի ցուցմունքներում

Your browser doesn’t support HTML5

«Հարսնաքար»-ի գործով ամբաստանյալ Դավիթ Ադամյանն այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում նշեց, թե Վահե Ավետյանն իրեն դիմել է «վիրավորանքներով»:

Դավիթ Ադամյանը հրաժարվեց պատասխանել տուժող կողմի, մեղադրողի, ինչպես նաեւ մյուս ամբաստանյալների հարցերին: Պատասխանեց միայն իր պաշտպանի հարցերին` պնդելով, թե չի եղել ռեստորանային համալիրի ավտոկայանատեղինում, որտեղ տեղի է ունեցել ծեծը: Ասաց նաեւ, որ նախաքննության ժամանակ վախից է տվել այս գործով մյուս 3 ամբաստանյալների անունները. - «Քանի որ գլխիս վերեւը կանգնած էին մասկեքով, մտածել եմ հեսա կծեծեն-կջարդեն»:

Դավիթ Ադամյանը մեղադրվում է մյուս ամբաստանյալների հետ տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծելու, Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է Վահե Ավետյանի մահը:

Մեղադրական եզրակացության համաձայն, Դավիթ Ադամյանը 2012 թվականի հունիսի 17-ին Վահե Ավետյանի սպորտային տաբատի պատճառով վիճաբանել է նրա հետ, ապա հրավիրել «Հարսնաքար»-ի բակ՝ բռունցքով հարվածել Վահե Ավետյանի դեմքին, որից հետո վիճաբանությանն են միացել մյուս ամբաստանյալները: Մեղադրականում նշված է, որ գնացել են «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղի, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները, ամբաստանյալները ծեծել են այս գործով տուժողներին:

Բայց այսօր, դատարանում, ամբաստանյալ Դավիթ Ադամյանը տվեց ցուցմունք, որի ձեւակերպումները տարբերվում են նախաքննության հետեւանքը համարվող պնդումներից: Դավիթ Ադամյանը, որն, ըստ նախաքննական նյութերի, եղել է միջադեպի հրահրողը, Վահե Ավետյանի հետ իր շփման վերաբերյալ ցուցմունք տալիս անընդմեջ ասում էր, թե Վահե Ավետյանն իրեն վիրավորել էր:

Չմոռանանք, սակայն, որ այս գործով ցուցմունք տված 4 տուժողներն էլ պնդել են, որ Դավիթ Ադամյանը Վահե Ավետյանի հետ խոսել է «ջղային, ագրեսիվ» տոնով:

Դավիթ Ադամյանը «Հարսնաքար»-ի գործով 6 ամբաստանյալներից առանցքայինն է, քանի որ ծեծը եղել է Վահե Ավետյանի եւ Դավիթ Ադամյանի շփման հետեւանքով:

Այսօր մյուս ամբաստանյալները դատարանին հայտնեցին, թե Դավիթ Ադամյանի ցուցմունքից հետո իրենց ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատրաստվեն ցուցմունք տալու համար:

Մեղադրող Արթուր Դավթյանը հարցադրում հնչեցրեց՝ եթե ամբաստանյալները պետք է ներկայացնեն ճշմարտությունը, ինչո՞ւ է նրանց ժամանակ անհրաժեշտ:

Դատարանը, ի վերջո, բավարարեց ամբաստանյալների միջնորդությունը եւ նիստը հետաձգեց: Դատավարությունը կշարունակվի մարտի 26-ին: