Միջնորդները Ադրբեջան կայցելեն ապրիլի առաջին կեսին

Էլմար Մամեդյարով, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ապրիլի առաջին կեսին կայցելեն Ադրբեջան։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նրա վկայությամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում առայժմ չի նախատեսվում։

Մինսկի խմբի գործունեությանը վերաբերող հարցին Մամեդյարովը պատասխանել է, որ համանախագահ երեք երկրներից յուրաքանչյուրը` ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, իր քաղաքականությունում ելնում է սեփական շահերից։

«Բոլոր երեք երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ կարեւոր դեր են խաղում աշխարհում։ Վաղ թե ուշ մենք կվերադարձնենք մեր հողերը։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում եւ հուսով ենք, որ գործընթացը կշարժվի մեռյալ կետից», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այս ամիս ավելի վաղ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում եւ Ղարաբաղում կլինեն մարտի չորրորդ շաբաթվա ընթացքում։