Մատչելիության հղումներ

Լիտվայի արտգործնախարար. «Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել»


Լիտվայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Լինաս Լինկյավիչուսը եւ Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում:
Լիտվայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Լինաս Լինկյավիչուսը եւ Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսն այսօր Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց, թե ընթացիկ տարվա երկրորդ կեսին Եվրամիության նախագահությունը ստանձնել պատրաստվող Լիտվան մեծ ուշադրությամբ է հետեւում Արեւելյան գործընկերության ծրագրում ընգրկված երկրներում ընթացող զարգացումներին:

«Ուրախ եմ հայտարարել, որ ասոցացման պայմանագրի բանակցություններում ձեր երկիրը կարծես թե շատ լավ առաջընթաց է արձանագրել: Մենք հավատում ենք, որ այդ բարեհաջող ընթացքը կշարունակվի եւ բանակցությունները կարող են ավարտվել մինչեւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը», - մասնավորապես նշեց Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լիմկյավիչուսը գոհունակություն հայտնեց նաեւ Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների առնչությամբ` հույս հայտնելով, որ մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովն այս հարցում եւս շոշափելի առաջընթաց կգրանցվի:

Լիտվայի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Հայաստանի հետընտրական վիճակին` մասնավորապես նկատելով, որ այժմ, երբ ընտրություններն արդեն ետեւում են, հարկ է կենտրոնանալ քաղաքական ուժերի միջեւ երկխոսության եւ համաձայնության հարցերի վրա:

«Շատ կարեւոր է ունենալ բազմակուսակցական համաձայնություն քաղաքական հարցերի շուրջ եւ անշրջելի դարձնել այդ ընթացքը, ինչը նաեւ շատ համոզիչ փաստարկ է Եվրամիության հետ հարաբերություններում: Նույն բանը մենք անում ենք Լիտվայում: Դա օգնում է, դա կենսունակ է , եւ ես համոզված եմ, որ դա օգտակար կլինի նաեւ Հայաստանում», - ասաց Լինաս Լինկյավիչուսը:

Լիտվայի արտգործնախարարը խոսեց նաեւ ղարաբաղյան խնդրի մասին` ընգծելով, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Հայաստանի արտգործնախարարը, ով օրերս հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, լրագրողներին որոշ մանրամասներ փոխանցեց միջնորդների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ. - «Ժամանակացույցը արդեն հայտնի է: Եռանախագահները կլինեն Հայաստանում եւ Ղարաբաղում մարտի 4-րդ շաբաթվա ընթացքում»:

Նալբանդյանն անդրադարձավ նաեւ Եվրախորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության հետ կապված հարցերին: Մինչ այդ՝ ընթացիկ ամսված երկրորդ կեսին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:

«Որպեսզի համատեղ, միասին վերջնական ձեւի բերենք ծրագիրը եւ նաեւ առաջնայնությունները Եվրախորհրդում Հայաստանի նախագահության: Ապա այդ առաջնայնությունները եւ ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին, երբ Ստրասբուրգում Եվրախորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին: Այդ շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպես մշակույթ, կրթություն», - մանրամասնեց Նալբանդյանը:

Անդրադառնալով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերություններին` Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, նշեց, թե երկու երկրների միջեւ առկա է բավական լավ համագործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Երեւանում կայացած հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվել են առավել ակտիվացնել Լիտվայի եւ Հայաստանի հարաբերությունները կարգավորող իրավապայմանագային դաշտի բարելավմանը միտված աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG