Բունդեսթագի նախագահը ցանկանում է Հայաստանում քաղաքական երկխոսություն տեսնել

Your browser doesn’t support HTML5

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթն այսօր Երեւանի պետական համալսարանում ունեցած դասախոսությունից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայաստանյան նախագահական ընտրություններն ու ներկայիս քաղաքական իրավիճակը, ասաց, որ չի ուզում գնահատականներ տալ, սակայն ցանկանում է երկրում տեսնել քաղաքական երկխոսություն:

«Ես ոգեւորված եմ Հայաստանում ունեցած իմ հանդիպումներից եւ զրույցներից: Այժմ Հայաստանում հետաքրքիր քննարկում է ընթանում ոչ միայն նախագահական ընտրությունների առնչությամբ, այլեւ երկրի ապագայի վերաբերյալ: Ես մեծ հույսեր ունեմ, որ այս քննարկումը այնքան լուրջ կընդունվի, որքան լուրջ է մարտահրավերը», - ասաց Լամմերթը:

Հայաստանի իշխանությունների հանդիպումից հետո այսօր Բունդեսթագի նախագահը հանդիպել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինչպես նշված է Հովհաննիսյանի շտաբի տարածած հայտարարության մեջ, մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը եւ Լամմերթը քննարկել են փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված արտակարգ իրավիճակը:

«Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի»,- ասել է Հովհաննիսյանը եւ հավելել, որ «ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի եւ ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիան ավտորիտարիզմը եւ կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը եւ փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը»:

«Եվրամիությունը չէ, որ պետք է զարգացնի Հայաստանը. դա պետք է անեք դուք` նոր սերունդը», - ԵՊՀ-ում այսօր հայտատարեց Բունդեսթագի նախագահն ու ասաց, որ թեեւ Հայաստանի հետ համագործակցությունը առայժմ հաջողված է համարում, այդուամենայնիվ, ԵՄ-ին անդամակցելու նույնիսկ հեռաակա ծրագրեր Հայաստանը չպետք է ունենա:

«Ակնհայտ է, որ մենք ավելի շատ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հետաքրքրություն ունենք Հայաստանի նկատմամբ, քան ցանկացած աֆրիկյան կամ ասիական երկրի: Սակայն դա նշանակում է, որ Հայաստանի նման երկրները հարաբերությունների բարելավման համար պետք է մոտենան եվրոպական չափանիշներին», - ասաց Լամմերթը եւ բերեց մեկ այլ` առավել երկար ժամանակ ԵՄ անդամակցության նկրտումներ ունեցող երկրի` Թուրքիայի օրինակը.- «Թուրքիայի հետ մենք արդեն մի քանի տարի է ասոցացման փուլում ենք եւ նույնիսկ ԵՄ անդամակցության հարցն է հաճախ քննարկվում, բայց անձամբ ես շատ-շատ թերահավատորեն եմ տրամադրված, թե արդյոք այդ նպատակը հնարավոր է կամ արժե իրականացնել»:

Ըստ Լամմերթի` Խորվաթիան կլինի Եվրամիությանը անդամակցող երկիրը:

«Բուլղարիայի եւ Ռումինիայի հարցում մենք արդեն սխալվել ենք», - ասում է Բունդեսթագի նախագահը եւ նշում, որ ԵՄ-ին միանալուց հետո այդ երկրներում «բարեփոխումներն ու քաղաքական կամքը պակասել են»:

«Եթե Թուրքիան դառնա ԵՄ անդամ երկիր, դա կնշանակի բացել ԵՄ-ի դռները, եւ ես չեմ կարող նշել որեւէ լուրջ պատճառ, թե ինչու մյուս, տարածաշրջանի ոչ եվրոպական ընտանիքի երկրները պետք է չունենան այդ հնարավորությունը: Ու քանի որ մոտ ապագայում ԵՄ-ն չունի ընդլայնման այդպիսի հնարավոորթյուններ, ավելի լավ է զերծ մնալ այդ որոշումից: Որքանո՞վ է խելացի, որքանո՞վ ռիսկային է ունենալ միություն, որի անդամները տարբեր մշակույթների են պատկանում», - հայտարարեց Բունդեսթագի նախագահը:

Երեկ Նորբերթ Լամմերթն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։