2/18 ընտրատեղամասի քվեաթերթիկների պատռված պարկը չբացվեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի փոխանցմամբ, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որեւէ արձանագրություն որեւէ ընտրատարածքային հանձնաժողով չի փոխանցել ԿԸՀ-ին: Ժամկետը լրանալու է փետրվարի 24-ին:

«Ժառանգություն»-ը ձեւաթղթերով հարյուրավոր դիմումներ է ներկայացրել ընտրատարածքային հանձնաժողովներ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով:

Վերահաշվարկ է կատարվել թիվ 3 ընտրատարածքի մեկ տեղամասում եւ թիվ 2 ընտրատարածքի 2 տեղամասում:

Առավոտյան թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվեց վերահաշվարկ կատարել եւ ստուգել թիվ 18 ընտրատեղամասում տեղի ունեցած քվեարկության արդյունքները: Հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ` նայել-տեսել են, որ պարկը բացված է մի քիչ, որոշել են չստուգել, թե իրականում ձայների ի՞նչ հարաբերակցություն է եղել այդ ընտրատեղամասում:

«Դա ակնհայտորեն մեխանիկական բնույթի [պատռվածք] էր», - պնդեց հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:

Թիվ 2 ընտրատարածքում պարկերը բացելու 10 դիմում էր ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանձնաժողովը որոշել է իր հայեցողությամբ բացել 3-ը. ի՞նչ սկզբունքով է ընտրվել, մասնավորապես, 2/18 ընտրատեղամասը, որտեղ կատարված քվեարկության արդյունքներն այսօր այդպես էլ չստուգվեց:

«Ոչ մի գրառում չկա, որ ինչ-որ բողոք է եղել, նույնիսկ հանձնաժողովի անդամներից «Ժառանգության» անդամը ոչ մի բան չի ասել, չի գրել: Ոչ մի հիմք չկար կասկածելու, որ այնտեղ ինչ-որ մի բան վատ է», - ասաց հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովի նախագահը որեւէ հստակ բացատրություն չտվեց, որ եթե հիմք չկար, էլ ինչո՞ւ էին սկզբից որոշել բացել պարկերը, իսկ այսօր էլ չբացեցին՝ պատճառաբանելով, թե պարկի պատռվածքը «տեխնիկական է»:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը ասում է. - «Հենց առաջին օրը իրենց հարցրել ենք` եթե դուք բացելու եք, ապա մենք հավելյալ աշխատանք չանենք եւ չներկայացնենք լրացուցիչ վերահաշվարկի դիմումներ»:

Ստյոպա Սաֆարյանը պնդում էր, որ եթե պարկերը բացվեին, իրավիճակը կփոխվեր: