Ստեփանակերտի օդանավակայանի հարցը «քաղաքական չէ»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

«Ադրբեջանն աղմկում է եւ այդ աղմուկով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը, մինչդեռ հարցը քաղաքական չէ եւ որեւէ կերպ չի առնչվում ղարաբաղյան հակամարտությանը», - հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ադրբեջանի կառավարությունը անցած շաբաթ ընդունած որոշմամբ նախատեսում է փոփոխություն կատարել «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման մասին» օրենքում, ինչը հնարավորություն կտա կրակ բացել Ստեփանակերտից թռչող կամ այնտեղ վայրէջք կատարող ինքնաթիռների ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարը հիշեցնելով, որ Ադրբեջանը քանիցս վստահեցրել է Մինսկի խմբի համանախագահներին, թե զերծ է մնալու քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժ գործադրելուց կամ ուժի գործադրման սպառնալիքներ հնչեցնելուց` շարունակեց. - «Չնայած դրան, կոպտորեն խախտելով այդ պարտավորությունները, ադրբեջանական ղեկավարությունը սպառնում է ուժ գործադրել քաղաքացիական ավիացիայի դեմ: Եռանախագահները բազմիցս կոչ էին արել զերծ մնալ դրանից, եւ պարզ էր, թե այդ կոչը ում էր ուղղված` հենց Ադրբեջանին»:

Նալբանդյանը մեկ անգամ էլ վստահեցրեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը բացառապես քաղաքացիական եւ հումանիտար նպատակներ է հետապնդում:

Անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններին` Նալբանդյանն ասաց, որ դրանք այլընտրանք չունեն:

«Հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է հանդիպում եռանախագահների հետ, եւ եթե անհրաժեշտություն լինի, նաեւ հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ: Դեռ նախագահների մակարդակով որեւէ հանդիպում ծրագրված չէ», - փոխանցեց Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարի խոսքով` բանակցային գործընթացը «լրջորեն վնասվեց» 2012 թվականի ընթացքում` Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումների պատճառով: Ավելին` Բաքվի գործողությունների արդյունքում «վտանգվեց տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»:

Հայաստանի արտգործնախարարի գնահատմամբ, մարդասպան Սաֆարովի ներումը դարձավ Ադրբեջանի արտաքին քաղաքականության «խայտառակությունը»:

«Դժվար է երեւակայել, որ Ադրբեջանի ղեկավարությունը չէր հաշվարկել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ քայլը», - ասաց Նալբանդյանը: - «Կարծում եմ, ուրիշ ինչ-որ պատճառներ էլ միգուցե հետապնդում էին ադրբեջանցիները. այս պատրվարի տակ ձախողել այս բանակցային գործընթացը: Եվ Հայաստանը անմիջապես հայտարարություն արեց, որ մենք շարունակելու ենք բանակցությունները: Այո, սա [Սաֆարովի ներումը] անընդունելի է, սա խայտառակություն է, սա ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի սպասումները, ակնկալիքները, մոտեցումները»:

Արտգործնախարարն անդրադարձավ նաեւ առաջիկա անելիքներին: 2013 թվականը Հայաստանի համար պատասխանատու տարի է. երկիրը նախագահություն է ստանձնելու մի քանի կարեւոր միջազգային կառույցներում. - «2013 թվականին Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդում: Շատ պատվավոր առաքելություն է, բայց նաեւ` մեծ պատասխանատավություն: Նաեւ 2013 թվականին Հայաստանը նախագահելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Նախատեսվում է նաեւ տարվա երկրորդ կեսին Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների եւ Եվրամիության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանում»:

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարը խոսեց նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի` անձնական բլոգում կատարած գրառմանը:

Դեսպանը, հիշեցնենք, գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրողությունները` տարակուսել էր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից նախագահի թեկնածու չառաջադրելու առնչությամբ ու կասկած հայտնել՝ վերջիններիս ընդդիմադիր լինելու հետ կապված:

«Կարծում եմ, շատ արձագանքներ միանգամայն տեղին էին, եւ ընտրություններից առաջ ինչ-որ գնահատականներ տալ, թե ինչ է լինելու` դեսպանի մակարդակով, չեմ կարծում այդքան կոռեկտ էր», - ասաց արտգործնախարարը: