Վրաստանում ազատ արձակվեցին Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շեկոյանը

Լուսանկարը` Վիրահայոց թեմի մամլո դիվանի

Անցած ամիս Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն, 190 անձանց թվում այսօր կալանավայրից ազատվել են նաեւ Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շեկոյանը։ Այս մասին հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո դիվանը` հիշեցնելով, որ Աջարիայի հայ համայնքի երկու գործիչները «կեղծ մեղադրանքներով» ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերին եւ «առանց հիմնավոր ապացույցների» դատապարտվել 11 տարվա ազատազրկման:

Հարազատների եւ ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի թիվ 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղեւորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգեւոր դասի հետ միասին:

Թեմակալ առաջնորդը եկեղեցում աղոթել է եւ օրհնել Արմեն Գեւորգյանին եւ Ռուբեն Շեկոյանին, բարձր գնահատել նոր իշխանությունների արդար եւ մարդասիրական դրսեւորումները:

Արմեն Գեւորգյանը իր եւ մյուս քաղբանտարկյալների անունից երախտագիտություն է հայտնել Վիրահայոց թեմի առաջնորդին եւ հոգեւոր դասին, ովքեր երկու տարի երկու ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են եւ հուսադրել: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին եւ հայ եւ վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նրանց ազատման հարցում:

Գեւորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը եւ 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

Վիրահայոց թեմի մամլո դիվանի հավաստմամբ` մոտ ժամանակներում սպասվում է նաեւ հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը: