Մատչելիության հղումներ

Լրտեսության մեղադրանքով ձերբակալված հայերը Վրաստանի քաղաքացիներ են


Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքը, Թբիլիսի, արխիվ
Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքը, Թբիլիսի, արխիվ

Վրաստանում ռուսական հետախուզության օգտին լրտեսական մեղադրվող երկու հայերը Վրաստանի քաղաքացիներ են, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` ձեռնպահ մնալով լրացուցիչ մեկնաբանություններ անելուց:

«Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը բնակվում են Բաթումի քաղաքում: Նրանց ձերբակալել են երկու շաբաթ առաջ: Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա նախնական կալանքը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գեւորգյանի եւ Շիկոյանի փաստաբան Նանա Ցուլաձեն:

Փաստաբանի խոսքերով, գործի մանրամասները խիստ գաղտնի է, ուստի նրա մեկնաբանություններն էլ էին հակիրճ:

«Ինչպես ես եմ տեղեկացված, այս գործով այլ ձերբակալվածներ եւս կան, սակայն քանիսը` չեմ կարող ասել», - նշեց Ցուլաձեն:

Աջարիայի հայ համայնքի ղեկավար Գրիգոր Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը բնակվում են Բաթումի քաղաքում, աշխատում են «Սեյբոլտ» հոլդինգում, որը զբաղվում է բեռների եւ նավթամթերքի որակի ստուգումներով: Գեւորգյանը գլխավոր տնօրենն է, Շիկոյանը` նրա տեղակալը:

«Արմեն Գեւորգյանը 1998-2004 թվականներին եղել է հայ համայնքի «Վերածնունդ» կազմակերպության ղեկավարը, Բաթումցի է, մոտ 40 տարեկան: Այնուհետեւ սկսեց ձեռնարկատիրությամբ զբաղվել», - նշեց Վարդանյանը` հավելելով, թե «Վերածնունդ» կազմակերպությունը ղեկավարելու ընթացքում Գեւորգյանը իրեն օրինակելի է դրսեւորել, աջակցել է Բաթումիի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգմանը:

«Այն բանից հետո, երբ սկսեց ձեռնարկատիրությամբ զբաղվել, անընդհատ գործուղումների էր մեկնում, այդ իսկ պատճառով այլ տեղեկություններ չունենք: Տեղի ունեցածից ցնցված ենք, բայց քանի դեռ պաշտոնական տեղեկություն չունենք, մեկնաբանություններ չեմ կարող անել», - հավելեց Աջարիայի հայ համայնքի ղեկավարը:

Ռուսական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքի համաձայն, Վրաստանում ձերբակալված Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը «Ջավախք» շարժման անդամներ են, «Էքսպրես Նյուզ» գործակալությանը հայտնել է շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը:

«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը իր ղեկավարած շարժման անդամներ չեն, իսկ տեղեկությունը տարածած Ռուբեն Թորոսյանին էլ չի ճանաչում:

Ռուսական «Վրեմյա Նովոստեյ»-ը, հղում կատարելով վրացական պարբերականներին, այսօր տեղեկացրել է, որ լրտեսության մեջ կասկածվող անձինք ռուսական հատուկ ծառայություններին են փոխանցել Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների կողմից կատարվող գնումների, պաշտոնյաների մասին տեղեկություններ:

Կովկասյան հարցերով փորձագետ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե անկախ այն բանից, կատարվածը PR ակցիա է, թե իրականություն, պարզ է, որ Վրաստանը փորձում է ամեն ինչում ռուսական հետք տեսնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG