«Սիրիական ավիաուղիների» Երեւան-Հալեպ-Երեւան թռիչքը չի կայանա

Սիրիա -- Ավազի պարկեր Հալեպի օդանավակայանի դիմաց, 12-ը դեկտեմբերի, 2012

Առաջիկա օրերին կվերաբացվի Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի օդանավակայանը: Այն փակվել էր դեկտեմբերի վերջին եւ հավանաբար կսկսի գործել հունվարի 17-ից:

Սիրիայի կառավարության ներկայացուցիչները դեկտեմբերին հայտարարել էին, որ օդանավակայանը փակվում է վերանորոգման նպատակով: Մինչդեռ միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրիայի կառավարությունը օդանավակայանը փակել է այդ շրջանն ընդդիմադիրներից վնասազերծելու նպատակով:

Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունը, որը չվերթներ է իրականացնում Երեւան-Հալեպ-Երեւան ուղղությամբ, մեկ անգամ արդեն` անցյալ երեքշաբթի չեղյալ է հայտարարել թռիչքը: Ավիաընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ վաղվա (հունվարի 15-ի) չվերթը եւս չի կայանա: Ավիաընկերությունում ասում են, որ օդանավակայանի ղեկավարությունը փակման պատճառների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդել: «Սիրիական ավիաուղիների» տվյալներով` 120 ուղեւոր Հալեպից սպասում է օդանավակայանի վերաբացմանը` Երեւան գալու համար, իսկ Երեւանից Հալեպ մեկնելուն է սպասում մոտ երկու տասնյակ մարդ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը ասաց` թեեւ օդանավակայանի շրջակայքում ընդդիմադիրների զորքեր կան, սակայն այն գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ:

Պատերազմական այս օրերին Հալեպում գտնվող սիրիահայ Գրիգոր Զոպյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկնելով իշխանությունների` օդանավակայանը վերանորոգման համար փակելու տեղեկությունը, ասաց` խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ այդ տարածքի շուրջ շատ խնդիրներ կան, եւ օդանավակայանը փակել են, որպեսզի հեռացնեն ընդդիմադիրներին:

«Ընդդիմադիրները փորձում են հարձակվել կամ ճամփան կտրել... ասում են, որ այս մի քանի օրը կսկսի աշխատել», - ասաց Զոպյանը:

Սիրիահայը նշում է, որ շատերն են ուզում հեռանալ Հալեպից, բայց օդանավակայանի փակ լինելու պատճառով շարունակում են այդ քաղաքում մնալ` առանց էլեկտրականության, խմելու ջրի, հացի ու վառելիքի: Զոպյանն ասում է` ոչ բոլոր հայերն են համարձակվում Հալեպից դուրս գալու համար ընտրել ցամաքային` առավել վտանգավոր ճանապարհը:

Սիրիական ճգնաժամի հետեւանքով արդեն չորս ամիս է ուղեւորափոխադրում չի իրականացնում նաեւ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը: Այն սեպտեմբերի 17-ից դադարեցրեց Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը: Պատճառը, ինչպես հայտարարել է ընկերությունը, սիրիահայերն են, ովքեր դեռեւս սեպտեմբերին հրաժարվեցին Երեւանից վերադառնալ Հալեպ: Շատ սիրիահայեր էլ ընտրեցին ավելի էժան, վտանգավոր եւ երկու օր տեւող ճանապարհը՝ Հալեպից անցնելով Թուրքիա, հետո Վրաստանի տարածքով մուտք գործելով Հայաստան: