Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Սիրիա


Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Այսօրվա հերթական թռիչքը դեպի Հալեպ չի կայանա:

Թռիչքների դադարեցման պատճառը, ըստ «Արմավիա»-ի, «Սիրիական ազատ բանակի»` ապստամբների առաջնորդների կողմից անցած շաբաթ հնչեցված սպառնալիքներն են այն մասին, որ նրանք կոչնչացնեն Հալեպի եւ Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը, ինչպես նաեւ սիրիական կողմի հետ կապի բացակայությունն է:

«Արմավիա»-ի մամուլի քարտուղարն ասաց` երբ սպառնալիքները վերանան, իրենք կվերականգնեն թռիչքները դեպի Սիրիա: Իսկ դրանց դադարեցումն առաջին հերթին ուղղված է ուղեւորների անվտանգությանը:

Ազգային ավիափոխադրողը այս հարցով անցած շաբաթավերջին դիմել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բարձրացված հարցը ուսումնասիրում են, ճշտում են դրա իսկությունը:

«Արմավիա»-ն Հալեպ - Երեւան - Հալեպ ուղղությամբ թռիչքներ է իրականացնում շաբաթական մեկ անգամ: Այս տարվա օգոստոսին, սակայն, ավիաընկերությունը չվերթների թիվը ավելացրեց եւս մեկով` հնարավորություն տալով սիրիահայերին տեղափոխվել Հայաստան:

Հայաստանում հանգստացող 140 սիրիահայ երեխաներ երեքշաբթի օրը պետք է վերադառնան Հալեպ: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ խնդիրը կլուծվի ու վաղն արդեն թռիչքը կկայանա:

«Սիրիական ավիաուղիներ»-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք, ըստ ամենայնի, չեն դադարեցնի թռիչքները, իսկ ավելի ստույգ պարզ կդառնա վաղը` իրեն հերթական թռիչքի օրը:

Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը գնալով ավելանում է: Ըստ Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալների, այսօր Սիրիայի մայրաքաղաքի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետեւանքով զոհվել է մի հայուհի` Լուսաբեր Յակուբյանը, եւս երեք հայեր վիրավորվել են։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայերի թիվը, այսպիսով, հասավ մեկեւկես տասնյակի։

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում տիրող իրավիճակի հետեւանքով այդ երկրում զոհ է դարձել 17 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG