Նախագահի թեկնածուն կոչ է անում միայնակ թողնել Սերժ Սարգսյանին

Անդրիաս Ղուկասյան

«Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով նախագահի մյուս թեկնածուներին (բացի Սերժ Սարգսյանից) դուրս գալ ընտրապայքարից` միայնակ թողնելով գործող նախագահին:

Ղուկասյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Արամ Հարությունյանին եւ Վարդան Սեդրակյանին կոչ է անում մինչեւ հունվարի 15-ի ինքնաբացարկ հայտնել ու միասնաբար դուրս գալ իշխող քաղաքական ուժի կողմից «նախագծված ու կանխորոշված ընտրապայքարից», միայնակ թողնել Սերժ Սարգսյանին եւ միավորվելով` քաղաքացիական պայքար ծավալել քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ու պահանջել գործող նախագահի հրաժարականը:

«Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար այսպես կոչված երկրորդ տեղի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Ղուկասյանը` շարունակելով. - «Ես համարում եմ, որ սա այսօր ամենաճիշտ լուծումը կլիներ, եթե Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը իրենց մեջ ուժ գտնեին` միավորելու մեր հանրության բոլոր առողջ ուժերը եւ գլխավորելու քաղաքացիական շարժումը ընդդեմ քրեաօլիգարխիկ համակարգի»:

Ղուկասյանի խոսքով, ժամանակը ցույց կտա, թե որքանով է իրատեսական իր առաջարկը, սակայն հավելեց, որ եթե նրանք այն չընդունեն, բոլորի համար պարզ կդառնա, որ այդ թեկնածուները պարզապես իշխանությունների դրածոներն են:

Հարցին, թե արդյոք իր կոչը վերջնագրի տարրեր չի պարունակում, Ղուկասյանը պատասխանեց. - «Կա: Կյանքը ընտրություն է` կամ-կամ»:

Նա պնդեց, թե իր թիկունքին որեւէ ուժ չկա. - «Ես չեմ կատարում ոչ մեկի հանձնարարությունը, ոչ մեկի առաջ չունեմ քաղաքական պարտավորություն, եւ դա ինձ տալիս է ազատություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Ղուկասյանը «սխալ հասցեով է դիմել». եթե կարծում է, որ գործող նախագահն ու իշխող քաղաքական ուժը չեն ապահովելու ազատ եւ արդար ընտրություններ, ապա պետք է դիմի Սերժ Սարգսյանին ու պահանջի, որ հենց նա հանի իր թեկնածությունը:

Ղուկասյանի առաջարկին դեմ է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Բոյկոտել նշանակում է աջակցել, որ այսօր նախագահի պաշտոնը զբաղեցնող անհատը միանգամից, առանց դժվարության դառնա նախագահ: Բոյկոտի վերաբերյալ խոսակցությունները չեն կարող լինել սպառնական շեշտադրումներով: Այդ էր մնացել պակաս, որ ինչ-որ նորելուկ ինձ սպառնա… Սերժի հետ էլ եմ պատրաստ աշխատել: Ո՞վ ասաց, որ պատրաստ չեմ աշխատել: Ես բոլորի հետ աշխատել եմ ու կաշխատեմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայրիկյանը:

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Ղուկասյանի կոչին անդրադարձավ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում. - «Այդ ազգանունը ինձ հայտնի է վերջին 7 օրվա ընթացքում: ՀԱԿ-ից ոմանք` մասնավորապես, Արամ Մանուկյանը ինձ առաջարկում էր չառաջադրվել: Նրա անուն-ազգանունը ինձ շատ ավելի հայտնի է` մենք գործընկերներ ենք, քան Անդրիաս Ղուկասյանինը: Այնպես որ, ես մոտիվացիան չգիտեմ: Մենք գրավոր չենք ստացել, բացատրություն չենք ստացել: Բնականաբար, չենք էլ պատասխանելու նման առաջարկին»:

Նախագահի ինքնառաջադրված թեկնածու Վարդան Սեդրակյանը նույնպես Ղուկասյանի կոչը որակում է «անիմաստ»: Սեդրակյանը հավելեց, որ Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս Սերժ Սարգսյանին միայնակ մասնակցել նախագահական ընտրություններին եւ հռչակվել Հայաստանի նախագահ:

Նախագահի մեկ այլ թեկնածու` Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ընտրությունների հետ կապված հարցերին կպատասխանի միայն թեկնածուների պաշտոնական գրանցումից հետո:

Ընտրապայքարից դուրս գալու գաղափարին կողմ է միայն նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, թեեւ կարծում է նաեւ, որ ավելի լավ է օգտագործել քարոզարշավի ընձեռած հնարավորությունները եւ ընտրապայքարից դուրս գալ ընտրություններից 10 օր առաջ:

Մինչդեռ, եթե իր կոչն անարձագանք մնա, Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` գործող նախագահի թեկնածության գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Նրա համոզմամբ` Սերժ Սարգսյանն իրավունք չունի մասնակցելու նախագահական ընտրություններին, քանի որ նրա գլխավորած կուսակցությունը ընտրակաշառք է բաժանել վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Իսկ եթե այս պահանջը մերժվի, Ղուկասյանը, շարունակելով ընտրապայքարը, պահանջելու է, որ «միջազգային առաքելությունը դադարեցնի իր գործունեությունը Հայաստանում». - «Եվ հայտարարելու եմ հացադուլ, որպեսզի արդեն օգտագործեմ նաեւ այդ քաղաքական միջոցը այս խնդրին միջազգային հանրության ուշադրությունը դարձնելու համար»: