Վարդան Սեդրակյանը համոզված է, որ հաղթելու է

Հայաստանի նախագահի ինքնառաջադրված թեկնածու Վարդան Սեդրակյան

Հայաստանի նախագահի ինքնառաջադրված թեկնածու Վարդան Սեդրակյանը, որին առավել հաճախ ներկայացնում են որպես էպոսագետ, վստահ է, որ գալիք նախագահական ընտրությունները չեն կեղծվելու եւ ինքը ստանալու է ընտրողների 81 տոկոսի ձայները:

Սեդրակյանը, հիշեցնենք, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին Եղվարդում առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով եւ հայտնվել էր վերջին տեղում:

Նախագահի թեկնածուն այօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր նպատակը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը չէ, եւ գործող նախագահին մրցակից չի համարում, քանի որ վստահ է, որ հաղթելու է:

«Ես եկել եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեք նախկին նախագահներին միավորեմ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, միավորեմ բոլոր քաղաքական կուսակցություններին, եւ մենք համատեղ կարողանանք լուծել ազգի եւ պետության առջեւ կանգնած խնդիրները», - հայտարարեց նա` հավելելով, որ նախագահ ընտրվելուց հետո իր գլխավորությամբ ստեղծելու է Հայաստանի չորս նախագահների կառույց, որտեղ նախկին երեք նախագահներին տեսնում է իր խորհրդականների պաշտոններում` թեեւ երկրի վատ վիճակի համար նրանց է մեղավոր համարում:

«Նրանք լինելու են իմ խորհրդականները եւ իրենց քաղաքական, ֆինանսական պոտենցիալով օգնելու են…», - հավելեց Սեդրակյանը` հարցին էլ, թե կցանկանան արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դառնալ իր խորհրդականները, արձագանքելով, թե լինում են իրավիճակներ, երբ ցանկությունը հաշվի չի առնվում: Ինքը պատրաստ է միայն հաշվի նստել նախկին նախագահների նախապատվությունների հետ. - «Շատ հարցեր կան հարեւան երկրների հետ, Ռուսաստանի հետ: Նրանք բոլորն ունեն նաեւ քաղաքական մեծ կապեր: Ամեն տեղ պետք է ճիշտ մասնագետի ուղարկել»:

Ընտրվելուց հետո պատրաստվում է անցկացնել Ազգային ժողովի նոր ընտրություններ, օրինական դաշտ բերել օլիգարխներին` բայց առանց նրանց գումարներին դիպչելու. - «Եթե մենք կարողանանք մեր ջանքերի գնով սնանկացնել մեկ օլիգարխի, հավատացեք` այդ ընթացքում 11-ը կհասցնեն Հայաստանից հեռանալ` իրենց գումարներով»:

Վարդան Սեդրակյանի արտաքին քաղաքական ծրագրերը ենթադրում են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը ու դրանց հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը` անհրաժեշտության դեպքում դուրս գալով Վրաստանի դեմ, Ջավախքի միացումը Հայաստանին, Ռուսաստանի հետ ամեն գնով` Ադրբեջանի կամ Վրաստանի տարածքով, ցամաքային ճանապարհ հարթելը:

Պաշտոնապես գործազուրկ, բայց էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը նշեց, որ կրթությամբ ճարտարապետ շինարար է, իսկ «Սասնա Ծռեր» էպոսը իր հոբբին է:

Նրա խոսքով, իր հոբբին հետաքրքրել է ռուսներին, պարսիկներին եւ անգամ անգլիացիներին:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում Սեդրակյանն ասել էր, թե տարբեր ժողովուրդների էպոսները մեկնաբանելով է ընտրագրավը մուծել, դրանով է տուն պահում, ինքը, կինն ու որդին թանկարժեք մեքենաների տերեր են: Ձմռանն ընտանիքով հանգստացել են Դուբայում:

Բայց դա, պարզվում է, նրա ապրելակերպի մի քանի դրվագներն են միայն: Գործազուրկ Սեդրակյանը այսօր բացահայտեց նաեւ, որ երկու առանձնատուն ունի, ամռանն էլ է ընտանիքով հանգստի մեկնել:Սակայն այս ամենը օլիգարխին հատուկ ապրելակերպ չի համարում:

«2012 թվականի օգոստոսին էլ ընտանիքիս հետ հանգստանում էի Բուլղարիայում` «Զոլոտիյե Պեսկի», Վարնայում: Հիմա ի՞նչ, պետք է անպայման գալ մաշված շորերո՞վ», - ասաց նա:

Հավելենք, որ Սեդրակյանը հանրահավաքներ չի անցկացնելու: Թեեւ ակտիվ ընտրապայքար չի մղելու, բայց կարգախոս ունի` «Վերեւում Աստված կա»: