Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն սկսել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը


ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյան
2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գրանցված 15 նախագահի թեկնածուներից միայն յոթն են ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում` 8 միլիոն դրամ գրավի վճարման անդորրագիրը:

Նրանք ենք` գործող նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, հասարակական կարգով «Փախստականների եւ միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ Վարդան Սեդրակյանը, ով չի աշխատում եւ հայտնի է որպես էպոսագետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԿԸՀ-ում ավարտվեց նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ հունվարի 4-ից 14-ը թեկնածուների գրանցումն իրականացնելու համար սահմանված ժամկետն է:

«Այս փուլում ԿԸՀ-ն ստուգում է ներկայացված փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը Ընտրական օրենսգրքի պահանջներին», - փոխանցեց Մուկուչյանը:

Նախագահի մյուս թեկնածուները, որոնց փաստաթղթերում, փաստորեն, անճշտություններ են եղել, հետեւյալն են` «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, 1948 թվականին ծնված, թոշակառու, անկուսակցական Պավլիկ Սարգսյանը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, ով նույնպես չի աշխատում, անկուսակցական, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փաստաբան է, եւ Ռոբերտ Ահարոնյանը, ով չի աշխատում, անկուսակցական է:

Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն` ԿԸՀ-ն հավելյալ 48 ժամ ժամանակ է տալիս կիսատ, որոշակի անճշտություններով փաստաթղթերը կարգի բերելու եւ խնդիրները վերացնելու համար: Սակայն մինչեւ այս պահը որեւէ ճշտում տեղի չի ունեցել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ հունվարի 7-ը ոչ աշխատանքային օրեր են, եւ բանկերը չեն աշխատում, Մուկուչյանը տեղեկացրեց, որ կստեղծվի այլ հնարավորւթյուն 48 ժամը կիրառելի դարձնելու համար:

«Վերջիններս որեւէ խնդիր չեն ունենա», - հավաստիացրեց նա:

Նախագահի թեկնածուները ԿԸՀ ներկայացնում են նաեւ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտ: Ինչպես հայտնեց ԿԸՀ-ի նախագահը, այս պահին նման հայտ են ներկայացրել 6 թեկնածու: Դիմողների մեջ է նաեւ Արամ Հարությունյանը, ում փաստաթղթերում փաստորեն անճշտություններ են ի հայտ եկել:

«Այդ հայտերի քննարկումը կամ դրանցում ամրագրված վահանակների բաշխման գործընթացը ԿԸՀ-ն իրականացնելու է գրանցման գործընթացի ավարտից հետո, եւ բնականաբար, եթե գրանցման ընթացքում կլինեն այնպիսի քաղաքացիներ, որոնց գրանցումը կմերժվի, կնշանակի` վերջիններիս կողմից ներկայացված հայտն էլ չի դառնա քննարկման առարկա», - ասաց Մուկուչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG