Էդվարդ Նալբանդյանը ժամանում է Բրյուսել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ժամանում է Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ համագործակցության տարեկան խորհրդի նիստին:

ԵՄ խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ «Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի» ստորագրումը, որը ինչպես ԵՄ խորհրդի հայտարարության մեջ է ասված` «թույլ կտա Հայաստանին մասնակցել ԵՄ ծրագրերին»:

Հայաստանի արտգործնախարարության կողմից ավելի վաղ արված հայտարարության համաձայն, այսօր Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն նաեւ վիզաների դյուրացման համաձայնագիրը:

Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում հայտարարել էր, որ վիզայի դյուրացման շուրջ բանակցություններն ավարտված են եւ մի քանի օրից՝ այսինքն այսօր, համաձայնագիրն արդեն կստորագրվի:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին․ Հայաստանը եւ Եվրամիությունը Բրյուսելում նախաստորագրել էին վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրերը: Վիզայի դյուրացման համաձայնագրի վերջնական ստորագրման շնորհիվ Հայաստանի քաղաքացիներն ավելի քիչ կվճարեն Շենգենի գոտու երկրներ մուտքի արտոնագրի համար, Հայաստանի քաղաքացիներից մի մասն էլ դյուրացված ընթացակարգով կստանա ԵՄ երկրների վիզա:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով` «Ասոցացման համաձայնագրի բանակցություններն էլ են մոտ հանգուցալուծմանը: Հայկական կողմը հույս ունի ավարտել դրանք մինչեւ հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության համաժողովը»: