Դե Վաալը չի տեսնում Իվանիշվիլիի «հայկական տարբերակը»

«Գագիկ Ծառուկյանը նույն մակարդակի վրա չէ, ինչ Իվանիշվիլին էր ընտրություններից առաջ», - ասում է Թոմաս դե Վաալը:
«Քարնեգի» հիմնադրամի Հարավային Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքով, Հայաստանում չկա Բիձինա Իվանիշվիլիի մակարդակի գործիչ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դե Վաալը համոզմունք հայտնեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահը Հայաստանում կվերընտրվի. - «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից ունի: Ես չեմ տեսնում պարոն Իվանիշվիլիի հայկական տարբերակը: Գագիկ Ծառուկյանը նույն մակարդակի վրա չէ, ինչ Իվանիշվիլին էր ընտրություններից առաջ»:

Փորձագետի կարծիքով, Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, կփորձի քայլեր ձեռնարկել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը, սակայն, շատ բարդ փուլում է», - ասաց նա` շարունակելով. - «Չեմ կարծում, որ մոտ ապագայում երկու նախագահները իրական առաջընթաց գրանցեն համակամարտության լուծման հարցում: Խնդիրն արտաքին քաղաքականությանն է վերաբերում, բայցեւ մեծ ազդեցություն ունի ներքաղաքական միջավայրի վրա»:

Անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին` նա ասաց, թե դրանք «արմատապես տարբերվում են տարածաշրջանի մյուս ընտրություններից». - «Վստահաբար պետք է ասեմ, որ Վրաստանի ընտրությունները շատ լավ ընթացան: Վստահ եմ նաեւ, որ նախագահ Սաակաշվիլին եւ իր կուսակցությունը մտադրություն չունեին պարտվելու: Սա «ակամա» ժողովրդավարություն է, բայց, այդուհանդերձ, ժողովրդավարություն է: Իշխանության փոփոխություն տեղի ունեցավ: Շատ դժվար գործընթաց էր, քանի որ այդ երկու կուսակցությունները փորձում էին վերացնել մեկը մյուսին, իսկ հիմա ստիպված են հանդուրժել միմյանց»: