«Արմավիա»-ի թռիչքների սպասարկումը կարող է կրկին դադարեցվել

Ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանին փոխանցել է 90 միլիոն դրամ (ավելի քան 220.000 դոլար)` ստանալով թռիչքները վերսկսելու հնարավորություն: «Զվարթնոց» օդանավակայանը, սակայն, հայտարարում է, որ «Արմավիա»-ի թռիչքները կսպասարկի մինչեւ հոկտեմբերի 18-ը:

Ստացվում է, որ եթե մինչեւ այդ ավիաընկերությունը չվճարի «Զվարթնոց»-ի հետ պայմանավորված պարտքից ավելի գոյացած գումարը` ավելի քան մեկ միլիոն դոլարը, հոկտեմբերի 18-ից հետո «Արմավիա»-ի ուղեւորները կրկին հասնելով օդանավակայան թռիչքի մասին հստակ տեղեկություններ չեն ստանա ու ժամերով կմնան օդանավակայանում:

«Զվարթնոց» - «Արմավիա» խնդիրների պատճառով տուժում են ուղեւորները, որոնք այսօր «Զվարթնոց» օդանավակայանում անցկացրեցին ավելի քան 8 ժամ:

Հայաստանի տարբեր բնակավայերից այսօր առավոտյան օդանավակայան եկած ուղեւորներին «Զվարթնոց»-ում ոչ ոք չէր սպասարկել: Օդանավակայանում գտնվող «Արմավիա»-ի գրասենյակից անորոշ պատասխաններ էին տվել` չնշելով թռիչքների հետաձգման պատճառները:

«Արմավիա»-ն «Զվարթնոց»-ին պարտք է ավելի քան 3 միլիոն դոլար, եւ, ինչպես ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, պարտքի «պայմանավորված չափը» գերազանցել է 1 միլիոն դոլարով: Նա նշեց, որ թռիչքների դադադարեցման այլ պատճառներ չկան:

Մինչդեռ ոչ պաշտոնապես «Արմավիա»-ից փոխանցել են, որ ընկերությունը նոր բաժնետերեր ունի, ինչն էլ դուր չի եկել «Զվարթնոց» օդանավակայանին:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ քանի դեռ բանակցությունները շարունակվում են, իրենք այս խնդրի լուծմանը չեն միջամտի:

Սա առաջին դեպքը չէ, երբ «Զվարթնոց» օդանավակայանը ունեցած պարտքերի պատճառով հրաժարվում է սպասարկել «Արմավիա»-ի թռիչքները: