ՍԴՀԿ-ի Ամերիկայի խորհուրդը զորակցում է Օբամային

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայ - ամերիկյան խորհուրդը զորակցում է Միացյալ Նահանգների գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ընտրապայքարին եւ ամերիկահայությանը կոչ է անում նոյեմբերի 6-ի ընտրություններում քվեարկել նրա վերընտրության օգտին։

Իր հայտարարությունում թվարկելով պաշտոնավարման չորս տարիներին նախագահ Օբամայի ձեռքբերումները տնտեսական, սոցիալական, առողջապահական, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության բնագավառներում, ՍԴՀԿ-ի` Լոս Անջելեսում տեղակայված խորհուրդը շարունակում է. - «Գալով հայությանը, Օբամայի վարչակարգը ջատագովեց Հայաստանում ժողովրդավարության զարգացումը եւ ազատությունների պաշտպանությունը: Ղարաբաղյան հարցի գծով քննադատեց Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները ու շարունակեց պաշտպանել հարցը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտությունը: Ամերիկահայության համար գլխավոր մտահոգությունը մնում է, անշուշտ, Ցեղասպանության ճանաչման հարցը: Նախագահ Օբաման թեեւ չկարողացավ հարգել իր խոստումը, սակայն Ապրիլի 24-ի իր հայտարարություններում, տարբերվելով իր նախորդներից, առաջին անգամ գործածեց «Մեծ Եղեռն» եզրը: Ավելին, նա Թուրքիայի իորհրդարանի առջեւ ելույթ ունենալով` կոչ արեց Թուրքիային հաշտվել իր պատմության հետ` ակնարկելով Հայկական Ցեղասպանությունը»։

«Անցնող չորս տարիները ցույց տվեցին, որ նախագահ Օբաման իմաստուն ու հեռատես ղեկավար է եւ ի վիճակի է Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս բերել նրա դիմագրաված դժվարություններից: Նկատի առնելով այս բոլորը ու նաեւ այն, որ Միթ Ռոմնին ամբողջությամբ անտեսել է հայ ընտրողներին, մեր նախընտրությունը գնում է Բարաք Օբամային», - հայտարարում է ՍԴՀԿ-ի Ամերիկայի խորհուրդը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը երկու օր առաջ հայտարարել էր, թե ամերիկահայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտոնապես չի սատարելու թեկնածուներից ոչ մեկին։