Մատչելիության հղումներ

Հայ դատ. «Ամերիկահայերը չեն աջակցի ոչ Օբամային, ոչ Ռոմնիին»


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնի եւ Բարաք Օբամա
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Միթ Ռոմնի եւ Բարաք Օբամա
Ամերիկայի հայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում պաշտոնապես չի սատարելու ոչ դեմոկրատ Բարաք Օբամայի, ոչ էլ հանրապետական Միթ Ռոմնիի թեկնածությունը, հայտարարում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` ընդգծելով, որ նախագահի երկու թեկնածուներն էլ չեն վաստակել ամերիկահայերի աջակցությունը։

Մեկնաբանելով այս որոշումը` հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանն ասել է, թե Բարաք Օբաման դրժել է ամերիկահայության խնդիրների վերաբերյալ իր բազմիցս տված խոստումները, իսկ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հայ համայնքի համար կարեւորություն ունեցող հարցերում չի արտահայտում հստակ հրապարակային դիրքորոշում։

Ըստ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի` 2008 թվականին Բարաք Օբաման իշխանության եկավ վայելելով ամերիկահայ ընտրողների լայն աջակցությունը շնորհիվ իր` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բազմակի խոստումների, ինչպես նաեւ համայնքին հուզող մի շարք խնդիրների վերաբերյալ տված հավաստիացումներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցից մինչեւ համայնքի առաջնորդների հետ ակտիվ համագործակցությունը, փոխադարձ կապերը հզորացնելն ու Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը ավելացնելը։ Մինչդեռ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, Օբամայի պաշտոնավարման անցած տարիները տրամագծորեն այլ պատկեր ցույց տվեցին:

«Դժբախտաբար, վերջին չորս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել որպես ցեղասպանություն եւ ավելին` երբ առիթ է եղել, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը ներկայացվի Ներկայացուցիչների պալատում, Օբաման դեմ է եղել այդ բանաձեւին: Նա նաեւ տխրահռչակ [հայ-թուրքական] արձանագրությունների հեղինակներից կամ զորավիգ կանգնողներից է եղել, եւ դա միայն թուրքական կառավարության համար առիթ է եղել, որ հավելյալ ճնշում բանեցնի, փորձի կասեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները միջազգային մակարդակի վրա, եւ հավելյալ ճնշում բանեցնել Հայաստանի վրա, որ ոչ ճիշտ, անարդար լուծում տրվի ղարաբաղյան հարցի գծով», - ասաց Չուլջյանը:

Օբամայի մրցակից Միթ Ռոմնին էլ, ըստ Հայ դատի հանձնախմբի, լինելով ամերիկահայերի ամենահին ու ներկայացուցչական համայնքներից մեկով բնակեցված Մասաչուսեթսի նահանգապետը` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում այդպես էլ որեւէ հետաքրքրություն չցուցաբերեց հայ համայնքին հուզող հարցերի վերաբերյալ, ավելին՝ չփորձեց եւ անգամ խուսափեց որեւէ կերպ շփվել, խորհրդակցել համայնքի ղեկավարության հետ:

«Ամերիկահայ գաղութը բազմիցս դիմել է պարոն Ռոմնիին, որպեսզի նա ճշտի իր տեսակետը հայկական հարցերի գծով եւ մինչեւ հիմա այդ աշխատանքը, այդ ներդրումը, այդ գործակցությունը չի ցուցաբերել ամերիկահայ գաղութի հետ», - ասաց Չուլջյանը:

«Չնայած գործադիր կառավարման մակարդակով Կոնգրեսի արձանագրած առաջընթացին, այդ թվում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության հարցերում, ցավոք սրտի, հայ համայնքին առնչվող խնդիրներում ամերիկյան դաշնային քաղաքականությունը շարունակում է Անկարայի եւ Բաքվի պաշտոնյաների թելանդրանքի գերին մնալ», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը` վստահեցնելով, որ հայկական այս կառույցը նախկինի պես բաց է քաղաքական երկու թիմերի հետ էլ կառուցողական համագործակցության համար:

Միաժամանակ, Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ պատրաստակամ է եւ ձգտելու է ամերիկահայության տեսակետները եւ արժեքները ներկայացնել նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրությունների հաղթողին։ Էլիզաբեթ Չուլջյանի կարծիքով` թեկնածուներից որեւէ մեկին չզորակցելը ամենեւին չի նշանակում Սպիտակ տան հետ հետագա հարաբերությունների որոշակի սառեցում:

«Ամերիկահայ գաղութը եւ Հայ դատի հանձնախումբը պիտի շարունակեն աշխատել թե Սպիտակ տան հետ, թե արտաքին գործերի նախարարության հետ եւ անշուշտ Կոնգրեսի եւ մեր նահանգային ղեկավարների հետ», - ասում է Հայ դատի հանձնախմբի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG