Գործարար. «Բուժհիմնարկների ղեկավարները չէին կարող ատկատներով զբաղվել առանց տանիքի»

Դեղերի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության ղեկավար Գառնիկ Սահակյանը դեղերի շուկայում հայտնաբերված միլիարդավոր դրամների չարաշահումների համար պատասխանատու է համարում ոչ միայն բուժհիմնարկների ղեկավարներին, այլ նաեւ նրանց ստվերային գործունեությունը հովանավորած վերադասներին եւ դեղորայքի շուկայում նրանց հիմնական մատակարարը հանդիսացած կազմակերպություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործարարը համոզմունք հայտնեց, որ 100-ից ավելի բուժհիմնարկների ղեկավարները չէին կարող, իր բնորոշմամբ, «ատկատներով զբաղվել առանց տանիքի», ուստի, եթե այս բացահայտումները նախընտրական շրջանում զուտ «ցուցադրական» բնույթ չեն կրում, ուրեմն պետք է առաջ քաշվի կոռուպցիոն շղթայի բոլոր օղակների պատասխանատվության հարցը:

Հիշեցնենք, առողջապահության ոլորտի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 29-ի խորհրդակցությունից հետո, երբ նախագահը այս ոլորտում իրավիճակը «բացարձակ խայտառակություն» էր որակել, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց դեղորայքի շուկայում արձանագրված չարաշահումների փաստեր, որոնց հետեւանքով 2011-ին պետական բյուջեին ավելի քան 1.5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել: Մարզերում եւ մայրաքաղաքում զբաղվող 134 բուժհաստատություններից առնվազն 100-ը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները, անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերել առանց մրցույթների, իրենց հայեցողությամբ են որոշել, թե ումից գնել եւ արդյունքում, օրինակ, հիվանդանոցները դեղերը ձեռք են բերել շուկայականից մինչեւ անգամ եռակի թանկ գներով:

Գործարար Գառնիկ Սահակյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 1.5 միլիարդը միայն մեկ տարվա փոշիացած գումարն է: Հիմնվելով ՏՄՊՊՀ-ի պաշտոնական նամակների եւ փաստաթղթերի վրա` նա հայտարարեց, որ 2009-ից ի վեր դեղորայքի շուկայում նման ճանապարհով փոշիացել է 3 միլիարդ 450 միլիոն դրամ:

«Բացառվում է, որ դա միայնակ արվի, քթներից կբերեն, տասը դրամ չեն կարող միայնակ փոշիացնել… գործել են «կռիշով» ու ատկատները տոկոսներով բարձրացել է վերեւ… Չգրված տնտեսական օրենքներ են, որին ենթարկվել են գլխավոր բժիշկները, տնօրենները, իսկ «կռիշները» սկսվում են մարզպետարաններով, տարածքային կառավարման նախարարությունով, Երեւանի քաղաքապետարանով, առողջապահության նախարարով: Ատկատները շատ լավ վերահսկվել են, եղել է դրա «դաբրոն»: Սա մի ամբողջ կոռուպցիոն շղթա է, որի ամենախոցելի օղակը ստորին օղակն է, որը պատասխանատվություն է կրում այդ մրցույթների անցկացման համար: Դրանք բուժհիմնարկների տնօրեններն են, ովքեր Հիպոկրատի երդումը մոռանում են, ընկնում հոսանքի մեջ ու հետո չեն կարողանում այդ հոսանքից դուրս գալ: Շատերը կուզենային դրանից դուրս գալ, բայց ո՞վ թույլ կտա իրենց», - հարցնում է Սահակյանը:

Գառնիկ Սահակյանին պատկանող «Սզնի» ընկերությունը դեղորայքային շուկայում տեղի ունեցող ստվերային գործարքների գործարքների զոհն է դարձել, դրանց հետեւանքով դուրս է մղվել մեծածախ շուկայից` այդ շուկայում շուրջ 20-ամյա գործունեությունից հետո: ՏՄՊՊՀ-ն ամիսներ առաջ «Սզնիի» նկատմամբ հակամրցակցային գործողությունների համար տուգանեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ առնչություն ունեցող «Նատալի Ֆարմ» ընկերությանը` ճանաչելով դեմպինգի փաստը:

Սահակյան պնդում է, որ այս ընկերությունը տարիներ շարունակ չարաշահել է իր «գերիշխող դիրքը», մրցակցությունը վերացնելով շուկայում հիմնական մատակարար է դարձել եւ, ըստ իր ունեցած փաստաթղթերի, անմասն չէ նաեւ «բուժհիմնարկների կողմից դեղորայքի գնման գործընթացում գումարների փոշիացումից»:

«Քանի դեռ Սամվել Ալեքսանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ես չեմ հավատում նախագահին, չեմ համարում, որ ռեֆորմներ կիրականացվեն: Թող պետությանը պատճառած ամբողջ վնասը հատուցվի: Նաեւ տնօրենների ունեցվածքի վրա թող կալանք դրվի, բյուջեի վնասները` գոնե երեք տարվանը հատուցվի, 3 միլիարդ 450 միլիոնը ֆանտաստիկ գումար է: Այ, եթե մի մարզպետ դատվի` ներկա կամ նախկին, մի նախարար դատվի` առողջապահության նախարար կլինի, տարածքային կառավարման նախարար կլինի, նախկին քաղաքապետներից մեկը կդատվի, այդ ժամանակ կհասկանամ, որ մեղավորները պատժվում են», - ասաց գործարարը:

Սահակյանը, ով ՍերԺ Սարգսյանից ակնկալում է կտրուկ քայլեր, ասում է` եթե բուժհիմնարկները կարողացել են միայնակ, առանց վերադասների նման գումարներ փոշիացնել, ուրեմն նրանց հետ պետք է պատասխանատվության ենթարկվեն նաեւ Վերահսկիչ պալատն ու իրավապահ մարմինները:

«Ես եմ սա տեսնում, նախագահը ո՞նց կարող է չտեսնի: Բնականաբար, նա պետք է լուծումներ գտնի ոչ թե կոսմետիկ փոփոխություններով, այլ ռադիկալ, լուրջ փոփոխություններով, ինչպես ասում են «դամոկլյան սրի» պես դնի ու կտրի», - ասաց Սահակյանը: