Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել դեղերի շուկայում


Հայաստանյան բուժհաստատությունների մեծ մասը դեղերի գնման համար մրցույթներ չի հայտարարել, դեղերը թանկ են գնվել, ինչի հետեւանքով 2011-ին պետական բյուջեին ավելի քան 1.5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել:

Դեղերի շուկայում ուսումնասիրությունների արդյունքում նման բացահայտում է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

«Մեր կողմից ուսումնասիրված 137 հաստատության շուրջ 75-80 տոլոսը առհասարակ մրցույթների անցկացման առումով արձանագրել է կոպիտ խախտումներ: Շուրջ 60 բուժհաստատություն ընդհանրապես երբեւէ մրցութ չի անցկացրել», - ասաց հանձնաժողովի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետ Մանուկ Միքայելյանը:

Հանձնաժողովը խախտումների հետ կապված բացատրություն է պահանջել հիվանդանոցների տնօրեններից: Վերջիններս պատճառաբանել են, թե տեղյակ չեն եղել օրենքին:

Այդ պատճառաբանությունները, Միքայելյանի պնդմամբ` անհիմն են, քանի որ նրանք հստակ գիտակցել են, որ «դեղորայքը գնում են իրական գնից շատ ավելի թանկ»:

Ուռճացված գներով են գնվել հատկապես մեծ պահանջարկ ունեցող դեղամիջոցները:

«Կարող ենք արձանագրել, որ գործ ենք ունեցել ոչ թե առանձին խախտումների, այլ համակարգված խախտումների մի ամբողջ շղթայի հետ», - հայտարարեց Մանուկ Միքայելյանը` առաջարկելով խախտումներ թույլ տված հաստատությունների ցանկը տրամադրել իրավապահ մարմիններին:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսում ասաց, որ դեղերի ոլորտը «ամենախնդրահարույց ոլորտներից մեկն է»:

ՏՄՊՊՀ-ից ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ օրինախախտ հաստատությունների ցանկն արդեն փոխանցվել է իրավապահ մարմիններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG