Փաստաբաններ. «Նման ձեւով քննված գործը չպետք է ուղարկվեր դատարան»

Բողոքի ցույց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: 8-ը հուլիսի, 2012թ.

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական, մեծ հասարակական արձագանք ստացած միջադեպի քրեական գործը, ըստ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների, չպետք է ուղարկվեր դատարան` նախաքննական մարմնի թույլ տված բազմաթիվ բացթողումների պատճառով:

Միջադեպի հետեւանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները` Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը գտնում են, որ Գլխավոր դատախազությունը, գործը շուտափույթ դատարան ուղարկելով, խախտել է Քրեական դատավարության օրենսգիրքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լուսինե Հակոբյանը, օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմնի կողմից իրենց միջնորդությունները մերժելու մասին որոշումը պետք է երկօրյա ժամկետում բողոքարկեին Գլխավոր դատախազությունում, սակայն դատախազությունը, այդ ժամկետը չսպառված, գործն ուղարկել է դատարան:

Փաստաբանները, հիշեցնենք, մի շարք միջնորդություններ էին ներկայացրել նախաքննական մարմնին, որոնք ամբողջությամբ մերժվել էին: Մերժումը փաստաբանները ստացել էին երեկ:

«Դատախազությունը, խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, հապշտապ գործը ուղարկել է դատարան` առանց սպասելու, թե արդյոք մենք պատրաստվում ենք բողոք գրել այդ միջնորդությունները չբավարարելու` քննիչի որոշման դեմ, թե ոչ: Անհասկանալի կամ արդեն իսկ խիստ հասկանալի կողմնակալություն է դրսեւորում նաեւ դատախազությունը», - ասաց Հակոբյանը` հավելելով, որ բողոքը, այդուհանդերձ, ներկայացնելու են:

Փաստաբանները պնդում են նաեւ, որ նման ձեւով քննված գործը ընդհանրապես չպետք է հաստատվեր եւ ուղարկվեր դատարան: Բազմաթիվ բացթողումներից բացի, Լուսինե Հակոբյանը մատնանշում է նաեւ, որ գործով անցնող վկաներից մեկը «անհասկանալի պատճառով» մեկնել է Ռուսաստան. - «Այն հանգամանքը, թե արդյոք այս վկան կարեւո՞ր է, թե՞ ոչ, նույնիսկ փորձ չի արվել պարզելու»:

Տիգրան Եգորյանը շեշտում է այն, որ անգամ Վահե Ավետյանի հագուստը իրեղեն ապացույց չի ճանաչվել. - «Հագուստը թե' մեղադրյալների, թե' տուժողների իրենց վրա պարունակում են միկնոմասնիկներ, մազեր, արյան, քրտինքի եւ այլ հետքեր: Դա կոնկրետ թե' կռվի, թե' ծեծի հարցը որոշակիացնելու առումով մեծ կարեւորություն ունի: Եթե նախաքննության մարմինը դա չի գիտակցում, ուրեմն դա խոսում է նրա անկոմպետենտության մասին: Սակայն հնարավոր չէ դա չգիտակցել»:

Փաստաբանները միջնորդել էին նաեւ առգրավել «Հարսնաքար»-ի վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանները եւ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել` պարզելու, թե ում են պատկանում ստորագրությունները այդ պայմանագրերում: Դա, ըստ փաստաբանների, թույլ կտար պարզել, թե արդյոք վեց մեղադրյալներն իսկապե՞ս «Հարսնաքար»-ի անվտանգության ծառայության աշխատակիցներ են, թե՞ այդ աշխատանքային պայմանագրերը կեղծվել են:

Քննիչը, սակայն, նշել է, թե նման գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

«Ստացվում է, որ քննիչը ասում է` լավ, ոչինչ, եթե նույնիսկ կա այդպիսի կեղծ փաստաթուղթ, կեղծիք գործում, ոչինչ, եկեք աչքներս փակենք: Սա ուղղակի ցնցող հայտարարություն է», - ասաց Եգորյանը` հավելելով, թե քննիչը «գիտակցաբար, դիտավորյալ չի իրականացնում իր լիազորությունները»:

Ուստի, ըստ Եգորյանի, իրենք Գլխավոր դատախազությունից պահանջելու են քննիչների անգործության մասով գործը ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե դատախազությունը որեւէ խախտում թույլ չի տվել եւ գործել է իր լիազորությունների շրջանակում:

Մասնավորապես, Տռուզյանի խոսքով, քննիչի կողմից միջնորդությունը մերժելու որոշումը կայացվել է օգոստոսի 20-ին, եւ նույն օրը գործը ուղարկվել է նաեւ դատախազություն: Գործում առկա է եղել նաեւ քննիչի տեղեկանքը, որ փաստաբանները հրաժարվել են առձեռն ստանալ միջնորդությունները մերժելու մասին որոշումները, եւ դրանք ուղարկվել են փոստով:

Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ դատախազը գործը ստանալուց հետո մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ չհաստատելու համար ունի 5-օրյա ժամկետ: Տվյալ դեպքում գործը երրորդ օրն է հաստատվել եւ ուղարկվել դատարան:

Your browser doesn’t support HTML5

«Հարսնաքար»-ի գործը ուղարկվել է դատարան