Արզումանյանը պառակտված չի համարում ընդդիմությունը

Your browser doesn’t support HTML5

Ֆեյսբուքյան ասուլիս. Ալեքսանդր Արզումանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր («Ժառանգություն») Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց, թե պառակտված չի համարում հայաստանյան ընդդիմությունը:

Արզումանյանը պարզաբանեց. - «Ընդդիմության մեջ կան տարբեր մոտեցումներ ունեցող մարդիկ, տարբեր գաղափարախոսություններ դավանող կուսակցություններ: Փորձը ցույց է տալիս, որ այսօր ընդդիմությունը (սպեկտրը նկատի ունեմ, ոչ թե քանակը) ներկայացված է Ազգային ժողովում: Կան երեք խմբակցություններ` տարբեր գաղափարախոսություններով, որոնք գոնե այս անցած երկու ամիսների ընթացքում բոլոր կարեւոր հարցերով հանդես են եկել միասնական մոտեցումներով»:

Օգտատերերից մեկը, հիշեցնելով Արզումանյանի` ավելի վաղ արած հայտարարությունը, թե` «պարզ բանականությունն անգամ հուշում է, որ միավորված ընդդիմությունն ավելի շատ կհասնի հաղթանակի», հարցրել էր, թե ինչու նա հավատարիմ չի մնացել իր ասածին:

Արզումանյանն արձագանքեց. - «Ես դա ասել եմ, այո, ընդդիմության մասին: Ես նկատի չեմ ունեցել, որ ընդդիմությունը համագործակցի, միավորվի ռեժիմի մի մասի հետ եւ փորձի այդ մի մասի հետ միասին պայքարել ավազակապետության մնացած երկու երրորդի հետ: Դա անընդունելի տարբերակ է ինձ համար: Դրա համար էլ ես այսօր այլեւս ՀԱԿ-ի հետ չեմ, որովհետեւ ես գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնքան պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի համար, կեղծված ընտրությունների համար, քաղբանտարկյալների համար եւ այլն, որքան ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը»:

Օգտատերերից մեկը հարցը ձեւակերպել էր այսպես. «Դատախազության մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի: Այդ տղաներն օր ու գիշեր պայքարել են Ձեր ազատության համար, իսկ Դուք չսատարեցիք իրենց: Ինչո՞ւ»:

«Նախ` չեմ կարող համաձայնել ձեւակերպման հետ. այդ տղաները չեն պայքարել իմ ազատության համար, այլ մենք բոլորս միասին պայքարել ենք մեր բոլորի ազատության համար եւ մեր երեխաների ազատության համար»,- ասաց նա:

Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ նախկին արտգործնախարարը շեշտեց բանակցությունների նախկին` Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափը վերադարձնելու անհրաժեշտությունը:

«Ռոբերտ Քոչարյանը միանձնյա որոշում էր կայացրել եւ իր վրա էր վերցրել Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ներկայացնելու առաքելությունը` դրանով դուրս մղելով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությանը բանակցային գործընթացից: Վերջին 14 տարիների մեր դիվանագիտական այս տեղում դոփելը միակ արդյունքն է այդ անխոհեմ քայլի, որ արել էր Ռոբերտ Քոչարյանը: Այսօրվա իշխանությունները, կարծում եմ, եւ այդ մասին խոսում են արդեն, պետք ամեն ինչ անեն, որ վերականգնվի միջազգայնորեն ընդունված ֆորմատը, եւ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին»:

Օգտատերերից մեկին հետաքրքրում էր Արզումանյանի կարծիքը, թե ի վիճակի է արդյոք Հայաստանն ընդունել մեծ թվով սիրիահայերի, ապահովել կացարանով ու աշխատանքով:

«Հայաստանի իշխանությունները, ցավոք սրտի, ադեկվատ չարձագանքեցին այն իրադարձություններին, որ տեղի ունեցան Սիրիայում: Սրան պետք էր նախապատրաստվել թերեւս կես տարի առաջ: Ակնհայտ էր, որ զարգացումները տանում են բռնությունների», - պատասխանեց Ալեքսանդր Արզումանյանը:

Your browser doesn’t support HTML5

Արզումանյանը «պառակտված» չի համարում ընդդիմությունը