Փուչիկների գործով մեկ մարդու մեղադրանք է առաջադրվել

Հանրապետության հրապարակը փուչիկների պայթյունից վայրկյաններ անց, 4-ը մայիսի, 2012

Ոստիկանությունը երեւանաբնակ, 54-ամյա Սերոբ Բոզոյանին է մեղավոր համարում մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի համար:

Հիշեցնենք, գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկների բռնկման հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 154 մարդ:

«Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով` 2012 թվականի հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի համաձայն, նշված մեղադրանքները նախատեսում են պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ոստիկանության լրատվական ծառայությունը այլ մանրամասներ չի հրապարակում` նշելով արդեն իսկ հրապարակել են իրենց ունեցած ողջ տեղեկատվությունը: Մեզ, մասնավորապես, հետաքրքրում էր, թե կա՞ն արդյոք առաջադրված մեղադրանքներ հանրահավաքի կազմակերպիչներին, որոնք, ինչպես փոխանցեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, եղել են ՀՀԿ նախընտրական շտաբից: Թադեւոսյանը, սակայն, հրաժարվեց նշել կազմակերպիչների անունները` ասելով, թե քանի որ ընթանում է նախաքննություն, ինքը չի ցանկանա դա անել:

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը նշել էր, թե փուչիկները հրավտանգ մեթան գազով լիցքավորել են մի քանի անձինք, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվել է մեկ հոգու:

«Ազատություն» ռադիոկայանին այսօր հաջողվել կապվել Սերոբ Բոզոյանի հետ, ով, ըստ էության, խուսափեց որեւէ հարցի պատասխանելուց:

«Լավ էլի, ցավդ տանեմ, թողեք իմ համար իմ գլուխը խախանդ յոլա տանեմ, ես ինձ լավ չեմ զգում», - ասաց նա:

Առողջապահության նախարարությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե փուչիկների պայթյունի հետեւանքով հիվանդանոցներ տեղափոխված բոլոր անձինք ապաքինվել են, իսկ նրանց բուժման ծախսերը հոգացել է պետությունը:

Your browser doesn’t support HTML5

Փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել մեկ մարդու