Երեւանում մեծ ծավալի ասֆալտապատում է իրականացվում

Your browser doesn’t support HTML5

Երեւան քաղաքում տարվում են խոշոր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ` մոտ 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:

Ասֆալտապատվում են քաղաքի ամենակենտրոնական եւ հիմնական փողոցները, պողոտաները, հրապարակներն ու խաչմերուկները: Կապալառու ընկերությունը խոստանում է քաղաքի կենտրոնի ասֆալտապատումը ավարտել մինչեւ հուլիս ամսվա վերջ:

Քաղաքապետարանն էլ խոստանում է, որ ասֆալտապատման ընդհանուր աշխատանքները կավարտվեն մինչեւ սեպտեմբեր:

«Ցավում եմ, շատ փողոցներում խցանումներ են լինում այդ պատճառով, բայց կարծում ենք, որ մենք սեպտեմբեր ամսից կունենանք լավ մայրաքաղաք, փողոցները բարեկարգ կլինեն: Այս տարի շատ խիստ ձմեռ էր, եւ [փողոցները] վեց անգամ սառչեցին եւ հալվեցին, եւ արդյունքում այնպես ստացվեց, որ ինչպես Երեւանի, այնպես էլ ողջ հանրապետության փողոցներն ու մայթերը շատ վատ վիճակում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանը:

Հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ շուտով այս տարվա ասֆալտն էլ շարքից դուրս կգա եւ հաջորդ տարի նոր ասֆալտի կարիք կլինի, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց` նախատեսվում է, որ նոր ասֆալտը շուրջ 10 տարի կծառայի:

«Եթե մենք ասֆալտապատումը կատարենք այնպես, ինչպես եվրոպական երկրներում են կատարում, որտեղ երկաթբետոնյա հիմք են անում, տեխնոլոգիապես բավականին բարդ եւ ծախսատար ասֆալտապատման աշխատանքներ են կատարում, մեր ասֆալտն էլ կարող է 10-15 տարի ծառայել: Ինչպես գիտենք, մենք Լինսի հիմանդրամով ասֆալտապատում կատարեցինք, եւ 10-12 տարի այդ փողոցներին ոչ մի բան չեղավ, նոր սկսել ենք վերականգման աշխատանքներ կատարել այդ փողոցներում», - ասաց Յայլոյանը:

Զրուցեցինք նաեւ վարորդների հետ: Հուլիսին, ցերեկային ժամերին քաղաքի ամենաբանուկ փողոցներում ասֆալտապատում կատարելու շուրջ վարորդների կարծիքները կիսվում են: Բողոքում են հիմնական քաղաքային տրանսպորտի վարորդները, սակայն նրանք նաեւ ասում են, որ հանուն գեղեցիկ քաղաքի պատրաստ են դիմանալ աշխատանքների պատճառով առաջացած խցանումներին: