ԵՄ-ն 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը

Հերման վան Ռոմպոյը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում տեղի ունեցած ասուլիսում, 4 հունիսի, 2012 թվական

Եվրամիությունը որոշել է 25 տոկոսով ավելացնել իր տարեկան ֆինանսական աջակցությունը Հայաստանին, եւ 2012 թվականի համար Հայաստանին տրվող աջակցությունը Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կավելանա 15 միլիոն եվրոյով:

Այս մասին չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը՝ ընդգծելով, որ այդ գումարները օգտագործվելու են հիմնական բարեփոխումներին աջակցելու համար:

Եվրամիության ղեկավարը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել: Առաջընթաց է արձանագրվել նաեւ Ասոցացման համաձայնագրի հարաբերություններում եւ սկսվել են Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ավելին՝ այս տարվա փետրվարին սկսվել են մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

«Ես քաջալերում եմ Հայաստանի նախագահ Սարգսյանին առավելագույն օգուտ քաղել Արեւելյան գործընկերության ընձեռած հնարավորություններից: Ես քաջալերում եմ Հայաստանին ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, մեծացնել թափանցիկությունը, արմատախիլ անել կոռուպցիան, հարգել մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, ինչպես նաեւ խոսքի եւ մամուլի ազատությունը», - ասաց Հերման վան Ռոմպոյը՝ շարունակելով. - «Դուք, պարոն նախագահ, ճիշտ ճանապարհին եք, չնայած առջեւում դեռ շատ աշխատանք կա: Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ: Որքան մեծ լինի իրական բարեփոխումներ իրականցնելու հանձնառությունը, այնքան ավելի շատ դուք կարող եք ակնկալել Եվրամիությունից՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համաձայն»:

Հերման վան Ռոմպոյը նաեւ ողջունեց Հայաստանի իշխանության ջանքերը ավելի մրցակցային եւ թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

«Սա կարեւոր առաջընթաց էր: Ամեն դեպքում ինչպես նշվում էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցում, որոշ խնդիրներ շարունակում են մնալ: Մենք հավատում ենք, որ այդ խնդիրները կլուծվեն մինչեւ գալիք նախագահական ընտրությունները: Այս հիմքով ես ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հաձնաժողովը նախապատրաստական աշխատանքներ կսկսի միջազգային ֆինանսական կառույցների եւ Հայաստանի մասնակցությամբ դոնորների համաժողով կազմակերպելու ուղղությամբ», - ասաց Եվրամիության ղեկավարը:

Ղարաբաղի խնդրի կարգավորման առաջընթացը մնում է գլխավոր առաջնահերթություն

Հերման վան Ռոմպոյը ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առաջընթացը նույնպես մնում է գլխավոր առաջնահերթություն, եւ անհանգստություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, նաեւ շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ՝ ափսոսանք հայտնելով մարդկային կորուստների համար:

«Ռազմական ուժը չի լուծի հակամարտությունը: Միայն խաղաղ, բանակցությունների միջոցով ձեռք բերված կարգավորումը կարող է թույլ տալ ամբողջ տարածաշրջանին ստատուս քվոյից անցում կատարել դեպի անվտանգ եւ բարգավաճ ապագա», - ասաց Եվրամիության նախագահը՝ նշելով, որ կայունությունն ու խաղաղությունը օգուտներ կբերեն բոլոր հայերին:

«Ես կրկնում եմ այն, ինչ արդեն ասվել է Հայաստանին եւ Ադրբեջանին Եվրամիության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից Մեծ քսանյակի երկրների գագաթաժողովում: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը պետք է որոշումներ կայացնեն, որպեսզի հասնեն երկարատեւ եւ խաղաղ կարգավորման՝ հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ կատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրենց նախագահների կողմից ստանձնած հանձնառությունները: Երկու կողմերն էլ խստորեն պետք է հարգեն հրադադարը եւ հրապարակային հայտարարություններ անելիս զերծ մնան թշնամական հռետորաբանությունից», - ընդգծեց նա՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել վստահության կառուցմանը եւ հաշտեցման ջանքերին:

Հայաստանի նախագահի հայտարարությունը

Նախագահի նստավայրում այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Եվրամիության եւ Հայաստանի փոխհարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց:

Հայաստանի նախագահն ասաց, որ նախատեսում են մոտ ապագայում ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտել նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու բանակցությունները: Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի ցանկությունն է արագ ավարտել նաեւ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները:

Նախագահն իր ելույթում անդրադարձավ նաեւ մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ խոստանալով նոր առաջընթաց արձանագրել 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Անդրադարձ կատարեցինք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների եւ մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռեւս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը այսօր հանդիպել է նաեւ «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումի մասնակիցների հետ:

Նա, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը «բարեփոխումների ճանապարհին» է, եւ «խորհրդարանական ընտրությունների բացթողումները պետք է շտկել մինչեւ նախագահական ընտրություններ»:

«Հայաստանի կողմից բարեփոխումներ անցկացնելու պարտավորությունները հիմնված են եվրոպական արժեքների վրա: Սա Հայաստանի հաստատակամ ընտրությունն է: Ես կհորդորեմ եւ կխրախուսեմ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ պատգամավորներին եւ ձեզ` անել այնպես, որ Հայաստանը շարունակի իր ճանապարհը մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ազատ խոսքի զարգացման համար: Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեեւ անելիք դեռ կա», - ֆորումի մասնակիցներին ասել է Հերման վան Ռոմպոյը:


Your browser doesn’t support HTML5

ԵՄ-ն 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը