Մտավորականները պահանջում են ներգաղթի պայմաններ ստեղծել սիրիահայերի համար

Լուսանկարն արված է սիրիական Հոմս քաղաքում հունիսի 6-ին:

Մի խումբ մտավորականներ եւ հասարակական գործիչներ դիմել են Հայաստանի կառավարությանը` Հայաստան ներգաղթողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պահանջով:
«Սիրիայից մեծ արտագաղթը է սկսվել», - ասում է հեռուստալրագրող Մարգարիտա Թախտաջյանը. - «Սիրիայում բնակություն հաստատած մեծ թվով աբխազների համար այսօր Աբխազիայի կառավարությունը պաշտոնական ներգաղթ է հայտարարել, ապահովել է ներգաղթյալների համար բնակության բոլոր պայմանները: Մենք գիտենք, որ Սիրիայում քիչ չեն նաեւ հայերը»:

«Վիճակը շատ տագնապալի է», - նշում է Մարգարիտա Թախտաջյանը եւ հավելում, որ մի խումբ արվեստագետներ եւ մտավորականներ, որոշել են քաղաքացիական նախաձեռնությունով հանդես գալ, «որպեսզի գոնե հասարակության կարծիքը կառավարությանը ստիպի մտածել Սիրիայից ներգաղթի մասին»:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը, ով նույնպես միացել է այս նախաձեռնությանը, նշում է, որ եթե աշխարհի որեւէ ծայրում ծագում է հայկական համայնքի լուծարման խնդիր, ապա Հայաստանը պետք է, ունենա համապատասխան ծրագիր:

«Մեզ անհանգստացրեց «Արմավիա» ավիաընկերության չվերթների դադարեցումը Սիրիայից Հայաստան: Մեքն գինենք, որ արդեն բազմաթիվ ընտանիքներ ստիպված են դուրս գալ, եւ Հայաստանը չպետք է վախենա նպաստել, որ նրանք գան Հայաստան: Նրանք միեւնույն է դուրս են գալու Սիրիայից»:

«Այս պարագայում ավելի լավ է սկսել հայրենադարձության գործընթաց, քան մղել նրանց գնալ եւ հաստատվել այլ երկրներում: «Արմավիա»-ի այս քայլի պատճառը քաղաքական է, բայց մենք ունենք ազգային շահեր եւ պետք է կարողանանք այնպես անել, որպեսզի Սիրիայից Հայաստան չվերթների դադարը չխանգարի սիրիահայերի Հայաստան վերադառնալուն», - նշում է Կարիեն Հակոբյանը:

«Համահայկական հիմնադրամը նույնպես պարտավորություններ ունի ողջ աշխարհում բնակվող հայերի նկատմամբ», - նշում է Կարինե Հակոբյանը եւ հավելում, որ պետք է մշակել ծրագիր` որոշակի աջակցություն ցույց տալու համար. - «Պետք է լինի մի բաժին, որ զբաղվի ներգաղթող ընտանիքների կարիքներով»:

Երկար ժամանակ Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո Մարգարիտա Թախտաջյանն արդեն 5 տարի Հայաստոնում է եւ նշում է. - «Շփումները սիրիահայերի հետ վկայում են այն մասին, որ մարդիկ ուզում են վերադառնան եւ իրենց հայերենիքում ապրեն: Պետք է նպաստավոր պայմաններ լինեն. նրանք չեն վստահում այստեղի օրենքներին, բարոյահոգեբանական մթնոլորտին»:


Your browser doesn’t support HTML5

Արտագաղթ Սիրիայում. կգա՞ն սիրիահայերը Հայաստան