Մատչելիության հղումներ

Ավելացել է ՀՀ քաղաքացիություն հայցող սիրիահայերի թիվը


Հոմս քաղաքի այս լուսանկարն արվել է հունիսի 9-ին:
Հոմս քաղաքի այս լուսանկարն արվել է հունիսի 9-ին:

Վերջին շրջանում կտրուկ կերպով ավելացել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող սիրիահայերի թիվը:

Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ եթե 2010 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել էին Սիրիայի 422 քաղաքացիներ, ապա 2011-ին` ավելի քան 3000: Ուշագրավ է, որ միայն այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են 1554 սիրիացի, որոնց զգալի մասը սիրիահայեր են:

Ինչ վերաբերում է կացության կարգավիճակ ստացածներին, ապա, վարչության Վիզաների եւ օտարերկրացիների հաշվառման բաժնի պետ Արթուր Սահակյանի փոխանցմամբ, միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 300 սիրիահայ:

Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու եւ Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողների նման աճը, բնականաբար, պայմանավորված է Սիրիայում ստեղծված իրավիճակով: Տեղի հայերն այլեւս իրենց անվտանգ չեն զգում եւ փորձում են ապաստան գտնել այլ երկրներում, մասնավորապես` Հայաստանում:

Հայր Անդրանիկը, ով Սիրիայի հայ կաթողիկե հայանքի համայնքապետն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց, որ իրոք վերջին շրջանում ավելի շատ սիրիահայեր են դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:

«Ոչ մի տարակույս, որ վիճակը շատ թեժ է եւ տագնապը մարդկանց մոտ ստեղծում է վախի եւ անապահովության մթնոլորտ», - ասաց նա` նշելով, որ անձամբ ինքը պահում է միայն իր սիրիական քաղաքացիությունը, որպեսզի «ժողովուրդը զգա, որ իրենք ո’չ վախենում են, ո’չ էլ մտածում են փախչելու մասին»:

Հայր Անդրանիկի խոսքով, իրավիճակը ոչ բոլոր վայրերում է լարված, Սիրիայի հյուսիսային շրջաններում, օրինակ, խաղաղ է: Սակայն թուրքական եւ լիբանանյան սահմաններին մոտ գտնվող վայրերում «ահաբեկիչները մեծ վնասներ են հասցրել քրիստոնյա փոքրամասնությանը եւ մանավանդ տեղի հայերին»: Մասնավորապես, Հոմսում այրել են հայկական եկեղեցին, թալանել եւ կողոպտել են հայկական թաղամասը: Այդտեղ բնակվող մոտ 2 հազար հայերի մեծ մասն արդեն հեռացել է քաղաքից:

«Իմ եղբոր` Գեւորգի զոքանչը ասում է` մենք մեծ գումար վճարեցինք ահաբեկիչներին, որպեսզի դուրս հանեինք մեր ընտանիքը: Որպեսզի թողնեին, որ դուրս գանք առանց սպանելու կամ վնաս հասցնելու», - պատմեց նա:

Հայ կաթողիկե համայնքի ղեկավարի համոզմամբ, այդ թալանն ու կողոպուտն իրականացնողները սիրիացիներ չեն. - «Լիբիացիներ, պակիստանցիներ, դժբախտաբար, նաեւ լիբանանցիներ»:

Նրա համոզմամբ, եթե օտարազգի ահաբեկիչները դուրս գան Սիրիայից, ապա ամեն ինչ երկրում կկարգավորվի. - «Ափսոս, որ Սիրիան իսլամական այս ներխուժող ահաբեկիչների ձեռքով է վերջանում… Եվրոպացիք չեն հասկանում, թե ինչ մեծ աղետ են պատրաստում Արեւելքի քրիստոնյա համայնքների դեմ: Իրենք սարքում են մեր գերեզմանատունը»:

Հալեպից մի քանի օր առաջ Երեւան եկած 22-ամյա ուսանող Պետրոսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հալեպում դեռ հանգիստ է. - «Քիչ վախ կա, ասենք, փոքրիկների համար, դպրոց գնալու համար... Հայերը ավելի շատ իշխանության կողմն են: Մենք արդեն 30 տարի վարժվել ենք, իշխանությունը օգնում է, պաշտպանում է մեզ: Մյուս կողմերը եթե գան, ավելի կավիրեն»:

Նրա կարծիքով, եթե ընդդիմությունը իշխանության գա, շատ հավանական է, որ Սիրիայում հայեր չմնան:

Պետրոսն էլ փաստում է, որ վերջին շրջանում ավելի շատ հայեր են արտագաղթում Սիրիայից եւ հիմնականում գալիս են Հայաստան` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այլ երկրների դեսպանատները չեն գործում:

Հարցին, թե ինչու են արտագաղթում Պետրոսը պատասխանեց. - «Շատը վախ է: Վախենում են, որ ավելի վատ կլինի»:

Անձամբ Պետրոսը շատ է ուզում գալ Հայաստան, արդեն դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար եւ անհամբերությամբ սպասում է պատասխանի:

please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG