Քլինթոնը գոհունակություն է հայտնում հայաստանյան ընտրությունների վերաբերյալ

Երկուշաբթի երեկոյան Երեւանում` նախագահական նստավայրում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլսի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր գոհունակությունը հայտնեց մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ` մանրամասնելով, որ դրանք եղել են մրցակցային ու բաց:

«Մենք ուրախ ենք տեսնելու, որ Հայաստանը շարունակում է աշխատել` ամրապնդելու իր ժողովրդավարական ինստիտուտները, առաջ տանելու համար թափանցիկությունը, ազատ մամուլի իրավունքները, վերացնելու կոռուպցիան, հարգելու համամարդկային իրավունքները եւ ազատությունները», - ասաց Քլինթոնը։

«Շատ ուրախ էի, որ անցած ամիս Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցները [վկայում էին, որ այդ ընտրությունները] հիմնականում մրցակցային էին ու բաց, եւ թեկնածուները հիմնականում կարող էին տանել իրենց քարոզարշավները` առանց խոչընդոտների: Կային ընտրական որոշակի խնդիրներ, որոնք հստակեցվել են, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը կաշխատի ԵԱՀԿ-ի ու այլոց հետ` երաշխավորելու, որ հաջորդ ընտրություններն է՛լ ավելի լավը կլինեն»:

ԱՄՆ-ի պետքարտուղարը դրական գնահատականներ հնչեցրեց նաեւ հայաստանյան տնտեսական դաշտի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերի կապակցությամբ:

«Մասնավոր ներդրողները փնտրում են բաց բիզնես դաշտ` կանխատեսելի կանոններով, անկախ դատական համակարգով եւ [բիզնես դաշտի] թափանցիկ կարգավորումներով, հարկերով ու մաքսերով: Եվ մենք ուրախ ենք` տեսնելու այն առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է», - նշեց ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Հիլարի Քլինթոնն անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ:

Հիշեցնենք՝ հունիսի 4-ին հայ - ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի 3 զինծառայողներ, կան վիրավորներ:

Խոսելով միջադեպի մասին, Քլինթոնը, մասնավորապես, ասաց․ - «Անշուշտ, [Հայաստանի] նախագահը եւ ես լրջորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի խնդիրը` ներառյալ սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը, որի մասին ես հենց նոր իմացա: Շատ մտահոգված եմ լարվածության վտանգավոր աճի եւ անմեղ քաղաքացիների ու երիտասարդ զինվորների անիմաստ մահվան կապակցությամբ»։

ԱՄՆ-ի պետքարտուղարը հավելեց, որ ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ հակամարտության կողմերին կոչ արեց զերծ մնալ ուժի կիրառումից։

«Ես նաեւ վստահեցրեցի [Հայաստանի] նախագահին, որ ես այս մասին կասեմ նաեւ Բաքվում, ուր ես կլինեմ վաղը չէ մյուս օրը», - նաեւ ասաց Հիլարի Քլինթոնը՝ հավելելով․ - «Այս միջադեպերը ընդգծում են [ղարաբաղյան հակամարտության] խաղաղ կարգավորման գործընթացն առաջ տանելու կարեւորությունը: Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ` Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ` առաջ տանող ճանապարհ գտնելու համար»:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսեց նաեւ հայ - թուրքական հարաբերություններից` վերահաստատելով պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործում «գնդակը այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում»:

«Մենք վճռականորեն սատարում ենք հայ - թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը։ Մենք կոչ ենք արել առանց նախապայմանների վավերացնել երկու երկրների հարաբերությունները նորմալացմանը միտված արձանագրությունները: Եվ ինչպես ես Երեւանում ասել եմ երկու տարի առաջ, գնդակը այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում», - նշեց Հիլարի Քլինթոնը՝ ընդգծելով․ - «Ինչ վերաբերում է Հայաստան - Ադրբեջան հարաբերություններին, ապա որեւէ կապ չկա [հայ - թուրքական] արձանագրությունների վավերացման գործընթացի եւ ղարաբաղյան բանակցությունների միջեւ` սրանք առանձին են։ Սակայն մենք հավասարապես փորձում ենք խաղաղ լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար»:

Your browser doesn’t support HTML5

Քլինթոնը գոհունակություն է հայտնում հայաստանյան ընտրությունների վերաբերյալ