Մատչելիության հղումներ

Քլինթոն. ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանին


Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. այդ մասին, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. - «Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք: Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում եւ այսօր գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խորը պատմություն ունեն, եւ ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեր լավ հարաբերությունների ստեղծմանը նպաստել են ինչպես մեր երկու ժողովուրդների այդ կապերը, Միացյալ Նահանգներում բնակվող հոծ հայկական համայնքը, այնպես էլ ազատության, արդարության, ժողովրդավարության գաղափարները»:

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է,թե հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները մշտապես կառուցվում են փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

«Մենք մշտապես կարող ենք անկեղծորեն քննարկել ցանկացած հարց, որ հետաքրքրում է կողմերից մեկին»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանում:

Ի պատասխան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, թե Վաշինգտոնը մեծապես արժեւորում է գործընկերությունը Հայաստանի հետ, եւ շարունակում է սատարել Հայաստանի եւ նրա ժողովրդի զարգացմանն ու աճող բարեկեցությանը:

«Պարո՛ն Նախագահ, ինձ համար պատիվ է կրկին գտնվել այստեղ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում: Վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցել է Հայաստանի հետ: Ես եւ Նախագահ Օբաման բարձր ենք գնահատում Ձեզ հետ ունեցած մեր շփումները: Ես եւ Դուք շատ ու շատ զրույցներ ենք ունեցել, եւ ինչպես Դուք նշեցիք, դրանք շատ անկեղծ են եղել, ինչն էլ բնորոշ է ընկերներին: Եվ ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով, ակնկալում ենք շարունակել երկխոսությունը: Միացյալ Նահանգները պատրաստակամ են օժանդակել և աջակցել Ձեր շարունակական գործունեությանը` որպես հիանալի առաջնորդ»,-ասել է պետքարտուղար Քլինթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG