Խաղաղապահները նշում են մասնագիտական տոնը

Հայ խաղաղապահները Աֆղանստանում:

Այսօր` Խաղաղապահների միջազգային օրը, հայ խաղաղապահները երկրի զինվորական ղեկավարության կողմից արժանացել են տարբեր պարգեւների ու շնորհակալագրերի:

Հայ խաղաղապահները, հիշեցնենք, Բազմազգ ուժերի զորակազմում առաքելությունների մասնակցում են 2004 թվականից:

Ավագ սերժանտ Միրզոյանն արդեն 7 տարի ծառայում է հայկական խաղաղապահ ուժերի կազմում: Խաղաղապահ առաքելության մասնակցել է երկու անգամ, Իրաքում եւ Աֆղանստանում: Միրզոյանն ասում է, որ խաղաղապահը պետք է միշտ լինի զգոն եւ կարողանա արագ կողմնորոշվել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Ամուսնացած է, երկու զավակ ունի, չի թաքցնում, որ առաքելության մեկնելիս դժվարությամբ է մի քանի ամսով բաժանվում ընտանիքից:

«Զինվորականը պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Որպես զինվորական ընտրեցինք այս մասնագիտությունը, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ զինվորականը ոչ միայն պատերազմի համար է, այլ նաեւ խաղաղություն պաշտպանելու համար է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Միրզոյանը:

Առաքելությունն իրականացնելիս խաղաղապահները անկասկած շփվում են տվյալ երկրի քաղաքացիների հետ, ծանոթանում նրանց նիստուկացին, սովորույթներին: Տեղացիներին էլ հետաքրքրում է, թե ովքեր են կապույտ տարբերանշանով ու եռագույն դրոշով զինվորականները:

Ավագ սերժանտը պատմեց. - «Լինում են դեպքեր, երբ մարդիկ մոտենում են, մեր դրոշը տեսնում են, հարցնում են: Պատմում ենք մեր երկրի մասին: Դա էլ խաղաղապահության բնույթի մեջ է մտնում: Ծանոթանում ենք տարբեր երկրների ժողովուրդների մշակույթին, ավանդույթին: Յուրաքանչյուր երկրում ոնց պետք է մարդ իրեն պահի` որպես խաղաղապահ»:

Միրզոյանը գոհունակությամբ է փաստում, որ խաղաղարար առաքելության ժամանակ երբեք ստիպված չի եղել գործի դնել իր զենքը. - «Առիթներ եղել է, բայց չի եղել, որ զենքը գործի դնենք»:

Մանուչարյանն եղբայրները ավելի քան 5 տարի է ծառայում են հայկական խաղաղապահ ուժերի կազմում: Եղբայրներից մեկը ավագ սերժանտ է, պատմում է, որ եղբոր օրինակին հետեւելով ինքն էլ է որոշել ընդգրկվել խաղաղապահ ուժերի կազմում. - «Մեկ մի ընտանիքից երկու եղբայր այստեղ ենք ծառայում: Աշխատում ենք այնպես լինի, որ երբ մեկը առաքելության մեջ է, մյուսը այստեղ լինի: Երկու առաքելության եմ մասնակցել` Կոսովոյում եւ Աֆղանստանում»:

Մանուչարյանն ասաց, որ երբեք չի խուսափել խաղարար առաքելության մեկնելուց: Միայն մեկ բացառություն է հիշում. – «Եղել է դեպք, որ ես զգացել եմ, որ պատրաստ չեմ, հրամանատարական կազմը զգացել է, որ պատրաստ չեմ` չեմ գնացել»:

Your browser doesn’t support HTML5

Խաղաղապահները նշում են մասնագիտական տոնը