Շվեդիան` «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող

Your browser doesn’t support HTML5

Մայիսի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացավ «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը` «Էյֆորիա» կատարումով:
Քվեարկության արդյունքում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը հավաքեց 372 միավոր:

57-րդ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 26 երկիր: Վաստակելով 259 միավոր` երկրորդ տեղում հայտնվեց Ռուսաստանը` «Բուրանովսկիե բաբուշկի» խմբի «Party for everybody» կատարումով:

Վաստակելով 214 միավոր` երրորդ տեղը զբաղեցրեց Սերբիայի ներկայացուցիչ Ժելկո Յոքսիմովիչը:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը չմասնակցեց Եվրատեսիլին, սակայն Հանրային հեռուստաընկերությունը մայիսի 26-ին երեկոյան ցուցադրեց մրցույթի եզրափակիչ փուլը:

Օրեր առաջ երգիչ Հայկոն մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ, այնուամենայնիվ, ճիշտ է մրցույթը ցուցադրելը։

«Չցուցադրելը մի տեսակ խղճուկ քայլ կլինի մեր կողմից: Ես կարծում եմ, որ մերոնք անպայման ցույց կտան: Ես մեծ հաճույքով, օրինակ, որպես հանդիսատես կնայեի», - ասել էր երգիչը:

Անցած տարի «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ չի նայել մրցույթը։

«Եթե երկիրը չի մասնակցում, արդեն մեկ է` ցույց կտան թե չէ: Կարեւորը՝ մենք մեր դժգոհությունը ցույց ենք տվել նրանով, որ չենք մասնակցել», - նշեց երգչուհին։

Your browser doesn’t support HTML5

Շվեդիան` Եվրատեսիլ 2012-ի հաղթող