Ստյոպա Սաֆարյանը «հանդարտ» է գնահատում քարոզարշավը

Թիվ 1ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ, իր ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթանում է առանց լուրջ միջադեպերի:

«Իհարկե, եղել են պահեր, երբ, ավելի շատ ինքնագործունեության շրջանակներում, մրցակից թիմի անդամներ փորձել են երեխաների միջոցով կամ կանանց միջոցով որոշ խոչընդոտներ հարուցել, բայց միջադեպերը հարթվել են եւ, ընդհանուր առմամբ, անցնում է հանդարտ, առանց բախումների», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա։

Ստյոպա Սաֆարյանը հույս հայտնեց, որ նույն կերպ քարոզարշավը կընթանա մինչեւ մայիսի 6-ը, ինչից հետո կլինի հնարավորինս ազատ եւ առանց բախումների քվեարկություն: Թիվ 1 ընտրատարածքում, դատելով ուժերի հարաբերակցությունից, Սաֆարյանը գտնում է, որ այսօր պայքարը ծավալվում է իր եւ Հանրապետական Ռուբեն Հայրապետյանի միջեւ: Ինչ վերաբերում է ոչ միայն իր ընտրատարածքում, այլ ընդհանրապես հանրապետության մասշտաբով ընթացող քարոզարշավին, ապա ըստ Սաֆարյանի․ - «Նկատելի է վախի մթնոլորտ սերմանելու ցանկությունը, եւ կարող եմ վստահաբար ասել, որ այն մարզերում, որտեղ ուղեկցել եմ «Ժառանգության» թիմի անդամներին, առաջնորդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, նկատելի է, հատկապես գյուղական բնակավայրերում, պետական իշխանության մարմինների միջոցով ահաբեկման մթնոլորտ ստեղծելը եւ հանդիպումների խոչընդոտումը»։

«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, մարզային իշխանությունները նկարահանում են ընդդիմության հետ հանդիպման մասնակիցներին, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ մարդիկ չմասնակցեն հանդիպումներին:

Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե «Ժառանգությունը» համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ եւ 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին: Վերջինի հետ կապված՝ Սաֆարյանն ասաց, որ դա ընդամենը տեխնիկական վրիպակի հետեւանք է․ - «Ցավում եմ, որ որոշ քաղաքական ուժերի համար տեղի ունեցածը կարող է դառնալ շահարկումների առարկա»։

«Ժառանգության» վրա ցեխ շպրտելու փորձ անողները արժանի պատասխան կստանան», - հավելեց Ստյոպա Սաֆարյանը, - «Այն տեղամասերը, որտեղ անգամ Ընտրական օրենսգրքի համաձայն, վերադաս հանձնաժողովները իրենք նշանակումներ կանեն այդ թափուր տեղերով, միեւնույնն է, «Ժառանգությունը» պարտավորված է եւ ապահովելու է ցանկացած քվեի պաշտպանություն»։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը վստահեցրեց, որ ամեն դեպքում, իրենց վստահված անձինք վերահսկելու են քվեարկության ընթացքը՝ սկզբից մինչեւ վերջ։

Ընտրարշավի լուսաբանումը Ստյոպա Սաֆարյանը հավասարկաշռված է գնահատում այնքանով, որքանով որ հետեւել է լուսաբանմանը: Սակայն նախորդ ընտրարշավների համեմատ, Սաֆարյանն այս դեպքում սեւ քարոզչության, հակաքարոզչության կամ ինչպես ինքն է որակում՝ կեղտոտ քարոզչության տարրեր է տեսնում:

Your browser doesn’t support HTML5

Ստյոպա Սաֆարյանը «հանդարտ» է գնահատում քարոզարշավը