ԵՄԱ. Հեռուստաընկերությունները հավասար պայմաններ են տրամադրել կուսակցություններին

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ապրիլի 8-17-ն ընկած ժամանակահատվածում մոնիտորինգի է ենթարկել յոթ համազգային հեռուստաալիք եւ Հանրային ռադիոն:

ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքներից առայժմ գոհ են:

«Ես կարող եմ ասել, որ զարմացած եմ նրանով, թե ինչքան պատասխանատու եւ բարեխիղճ ձեւով են հեռուստաընկերությունները այս անգամ մոտենում նախընտրական շրջանի լուսաբանմանը: Այն բավականին տարբերվում է եւ նախորդ ընտրություններից, եւ այս նախընտրական քարոզչությունից առաջ ընկած ժամանակաշրջանից», - հայտարարեց Նավասարդյանը:

Նախընտրական քարոզչության շրջանի առաջին միջանկյալ հաշվետվությունը փաստում է, որ այս անգամ, ի տարբերություն մշտադիտարկման նախորդ փուլերի, չեն արձանագրվել թաքնված քաղաքական գովազդի ակնհայտ հատկանիշներ պարունակող հաղորդումներ: Ընտրություններին մասնակցող ութ կուսակցություններին եւ մեկ դաշինքին հիմնականում հավասար պայմաններ են տրամադրվել իրենց ծրագրերն ու հայացքներն ընտրողներին ներկայացնելու համար:

«Կան լուրջ ակնկալիքներ, որ եւ ներսում եւ, մասնավորապես, դրսում, որ Հայաստանում գոնե այդ ընտրությունները կանցնեն միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Ինչքանով այդ ակնկալիքները կբավարարվեն Հայաստանի կողմից, դրանից շատ է կախված լինելու Հայաստանի հետագա զարգացումը եւ հետագա համագործակցությունը բազմաթիվ միջազգային կառույցների հետ», - ասաց Նավասարդյանը:

Սակայն ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահի` մեծ խնդիր է մնում կուսակցությունների առաջնորդների՝ ընտրարշավի հետ կապ չունեցող գործունեության լուսաբանումը, երբ պետական այրերը համատեղում են գործնական հանդիպումները, այցերը եւ քարոզչությունը: Գլխավորապես դա վերաբերում է ՀՀԿ-ին: Այսպես օրինակ` Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին եւ երրորդ համարներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ոչ կուսակցական գործունեության լուսաբանումը միջին հաշվով 20-30 տոկոսով ավելացնում է ՀՀԿ-ին տրամադրվող եթերաժամանակը տարբեր ալիքներում։

«Շարունակվում է որոշ առումով չափազանց ակտիվությունը մեր բարձրաստիճան պաշտոնյաների հենց այս շրջանում. ակտիվությունը, որը կապված չէ ընտրությունների հետ, եւ որը կապված չէ անհրաժեշտ միջոցառումների եւ հանդիպումների անցկացման հետ: Ցանկալի է, որ իրենք մի քիչ կրճատեն ընտրությունների հետ չկապված այդ պաշտոնական գործունեությունը», - ասաց Նավասարդյանը:

Ըստ հրապարակված զեկույցի` ամենաշատը հեռուստաալիքներն անդրադարձել են ՀՀԿ-ին, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է, ապա ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ առաջատարների հնգյակը եզրափակում է «Օրինաց երկիրը»:

Քաղաքական ուժերին հատկացված եթերաժամանակի առումով ամենաշատ տարբերություն արձանագրվել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ ԲՀԿ-ն լուսաբանման ծավալով ճնշող առավելություն է ունեցել իր մրցակիցների նկատմամբ, եւ «Երկիր Մեդիայում», որտեղ առավելություն է ունեցել ՀՅԴ-ն: Բոլոր մյուս ալիքներում առավել ինտենսիվ եղել է Հանրապետական կուսակցության լուսաբանումը:

«Հանրային հեռուստատեսությունում քարոզարշավի առաջին 10 օրվա մեջ եղել է ընդհանրապես հինգ գնահատական եւ հինգ էլ հանրապետականներին էր վերաբերում, հինգ էլ` դրական», - շեշտեց ԵՄԱ-ի նախագահը:

Your browser doesn’t support HTML5

ԵՄԱ. Հեռուստաընկերությունները հավասար պայմաններ են տրամադրել կուսակցություններին