Քաղաքապետարանը ապամոնտաժեց գետնանցումի կրպակները

Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումում գործող կրպակների աշխատակիցներն առավոտից սկսել էին տաղավարներից հավաքել ապրանքը:

Իսկ արդեն դատարկ կրպակները քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցների գլխավորությամբ ապամոնտաժում էին «Կենտրոն-1» համատիրություն մակագրությամբ համազգեստներով եւ պարզապես քաղաքացիական հագուստով մոտ մեկ տասնյակ անձինք:

Մոտ 15 օր առաջ, երբ քաղաքապետարանի աշխատակիցներն այցելել էին գետնանցում եւ պահանջել, որ կրպակատերերը սեփական ուժերով ապամոնտաժեն կրպակները, կրպակատերերից ոմանք ըմբոստացել էին, սակայն այսօր որոշել էին ենթարկվել քաղաքապետարանի պահանջին:

«Եթե բոլորինը քանդում են, ես ի՞նչ կարող եմ անել», - հարցրեց կրպակատերերից մեկը:

Մեկ այլ կրպակատեր` Գեւորգ Մանուկյանը, դիմել է դատական մարմիններին: Մինչ դատարանը որեւէ որոշում կկայացնի, նա այսօր օգնում էր, որ իր կրպակն ապամոնտաժեն:

«Ես էլ մասնակցում եմ ապամոնտաժմանը, որ չզրկվեմ տարածքի համար հասանելիք գումարից, հետագայում էլի խոստացել են տեղ տալ այստեղ, տեղ ունենանք աշխատելու», - ասաց նա:

Ըստ Մանուկյանի` եթե վարձակալներն օգնեն կրպակների ապամոնտաժման հարցում, ապա քաղաքապետարանից կստանան փոխհատուցում` 140 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց:

Գետնանցումում կրպակների ապամոնտաժման աշխատանքներին հետեւող քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով, գետնանցումի մոտ երկու տասնյակի հասնող կրպակներից առայժմ չի ապամոնտաժվելու միայն մեկը, որի վարձակալն ունի կրպակի նկատմամբ իրավունքի պետական գրանցում: «Կենտրոն-1» համատիրության աշխատակցուիհն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչու են «Կենտրոն-1» համատիրության համազգեստով մարդիկ ապամոնտաժում կրպակները` հավելելով, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն համատիրության ղեկավարը, ով աշխատակցուհու խոսքով, տեղում չէր:

Հիշեցնենք` Երեւանի քաղաքապետարանը վարձակալության նոր պայմանագիր է կնքել «Գրեյթ Վիկտորյա» ընկերության հետ, որն էլ գործունեություն է ծավալելու գետնանցումում: Մամուլի հրապակումների համաձայն, «Գրեյթ Վիկտորյա» ընկերությունը պատկանում է գործարար Կարեն Բաղդասարովին: Ընկերության ներկայացուցիչների հետ կապվել առայժմ չի հաջողվել:

Your browser doesn’t support HTML5

Քաղաքապետարանը ապամոնտաժեց գետնանցումի կրպակները