Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը պահանջում է ապամոնտաժել կրպակները


Այսօր Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող գետնանցում էին եկել Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները` պահանջելով տարածքի կրպակատերերից սեփական ուժերով ապամոնտաժել իրենց կրպակները:

Կրպակատերերի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ բանակցում էր Կենտրոն վարչական շրջանի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Առաքելյանը:

«Մեր աշխատակիցները, այդ թվում` նաեւ ես, բազմիցս այցելել ենք այստեղ, բոլոր տնտեսվարող սուբյեկտներին առանձին-առանձին նախազգուշացրել ենք ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ, ուստի եկել ենք այսօր կրկին անգամ ձեզ խնդրելու, որ ձեր միջոցներով ազատեք տարածքները, վերադարձենք Երեւան համայնքին, որ ներկա դրությամբ այս տարածքի սեփականատերն է», - հայտարարեց Առաքելյանը:

Գետնանցում կրպակներն այսօր չապամոնտաժվեցին` Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչն ասաց, որ ընդառաջում են Ստյոպա Սաֆարյանի` մեկ օր սպասելու առաջարկին` վաղը քաղաքապետի հետ հանդիպելու ակնկալիքով:

Երեւանի քաղաքապետարանը վարձակալության նոր պայմանագիր է կնքել «Գրեյթ Վիկտորյա» ընկերության հետ, որը չի ցանկանում աշխատել գետնանցումի կրպակատերերի հետ:

«Քաղաքապետարանը պետք է հիմնավորի, թե ինչով է նոր վարձակալը լավ հին վարձակալից», - պահանջեց Ստոյպա Սաֆարյանը:

«Այնքանով է լավը, որ այս ամբողջ տարածքում կատարվելու է վերակառուցման աշխատանքներ: Այն ֆինանսական ներդրումները, որ կատարվելու են այս տարածքը ժամանակակից եվրոպական ստանդարտներին համապատասխան առեւտրի կենտրոն կառուցելու համար` համոզված եղել, որ ներկայիս վարձակալների կողմից պարզապես չէին էլ կարող կատարվել», - պատասխանեց իրավաբանական վարչության պետը:

Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ աճուրդին չեն մասնակցել ներկայիս կրպակատերերը, միայն կարճ արձագանքեց, թե ամեն ինչ օրինական է, իսկ արդեն ժամկետն ավարտված վարձակալության պայմանագրերը որոնք ունեն կրպակատերեը, առ ոչինչ փաստաթղթեր են:

Ստյոպա Սաֆարյանը այսօր արդեն պաշտոնական գրություն է ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` այս հարցով քննարկում կազմակերպելու առաջարկով: Պատգամավորի խոսքով` գետնանցումը նոր վարձակալին տրամադրելու հիմքերը անորոշ են, մինչդեռ միջին բիզնեսով զբաղվող տասնյակ ընտանիքներ զրկվում են ապրուստի միջոցից` խոշոր ընկերությանը տրված մենաշնորհի պատճառով:

«Մարդիկ բացահայտ ցանկություն են հայտնում շարունակել վարձակալական հիմունքներով աշխատել քաղաքապետարանի հետ: Հետեւաբար քաղաքապետարանը պետք է իր հիմնավորման մեջ ներկայացնի, թե ինչու չի ցանկանում շարունակել վարձակալությունը հին վարձակալների հետ», - ասաց Սաֆարյանը:

Հատկանշական է, որ քաղաքապետարանը 1քմ տարածքի դիմաց 140 հազար դրամ փոխհատուցում է տրամադրում նախկին վարձակալներին: Շուրջ երկու տասնյակ կրպակների մոտ կեսի տերերը համաձայնել են եւ ինքնակամ ապամոնտաժել են իրենց կրպակները: Մյուսները պնդում են, որ ցանկանում են շարունակել աշխատել այդտեղ: Կրպակատերերից մեկն ասաց` փոխհատուցման չափը համարում է ինքնաթիռի տոմսի գումար, որով կարող է հեռանալ Հայաստանից:

Ըստ մամուլի տեղեկությունների` «Գրեյթ Վիկտորյա» ընկերությունը, որին վարձակալության նոր պայմանագրով տրվել գետնանցումը, պատկանում է գործարար Կարեն Բաղդասարովին:

please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG